Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/295

Այս էջը սրբագրված է

Բայց այսօր իր ակնարկը, անտարբեր, կը սահի ընտանի շրջակայքին վրա։ Մակույկը կերկարի, լռիկ, լայն քարափեն Պեոյուք Տերեի՝ ուր իրարու կը հաղորդեն շարքերը փարթամ յալըներուն և կը դառնա եզերքեն հեռանալով, Մեզար Պուրնույի հրվանդանը։ Ինչու համար Իսմեթ վերադարձի նշան չի տար։ Իզուր ճեմիլեն ու երկրորդ թիավարը մտատանջ ակնարկով կր խորազննեն հորիզոնը՝ ուր կը կուտակվին թանձր կապտագույն ամպեր․․․ Վտանգին անգիտակից՝ Չերքեզուհին կը տեսնե միմիայն արու կերպարանքը փալիքարին, որուն կրակե բիբերը իր դեմքը կորոնեն։ Անիկա, դեռ իրենց շրթներեն բառ մը չելած, կնոջ բնածին նախագիտակցությամբ, արդեն իսկ կը ճանչնա անասելի և ճակատագրային գաղտնիքը իրենց սիրտերուն, սիրտեր նախնական և բուռն մարդերու, սերեն զորեղապես նվաճված։ Խեղճ, փոքրիկ ըմբոստ կին՝ որուն գարուն հասակը կապված է ատելի տիրոջ մը զառամ հասակին... Սպիտակ լաչակին տակ բիբերը փակած, Չերքեզուհին արհավիրքով կը չափե այս կիրքին զորությունը՝ որ արյունր կը հրդեհե. հետո քիչ առ քիչ իր սարսափը կը վերածվի երազանքի... Բայց խալայըգը, վտանգին մերձեցումեն խելահեղած, հմայքը բրտորեն կը փշրե։ Իսմեթ շարժումով մը կը հրամայե վերադառնալ։ Շա՜տ ուշ է։ Կատաղորեն շղթայազերծվող մրրկին, և բաց ծովուն մատնված դյուրաբեկ նավակին մեջեն կը սկսի մաքառումը, կարճ, խելահեղիչ... Չերքեզուհին հիմարական փայլակի մը անցնիլը կը տեսնե փալիքարին աչքերուն մեջ, երբ ասիկա հանկարծ կը թոթափվի իր թմբիրեն և կմբռնե վտանգին մեծությունը։ Ինքը նույնիսկ, անխորհուրդ սլացքով մը ինքզինքը կուղղե դեպի հեռավոր ցամաքը, հետո աչքերը կը փակե զարհուրելի տեսարանին վրա։ Ճեմիլեն և երկրորդ թիավարը ընկլուզված են արդեն ալիքներուն տակ... նման անկումի մը գլխապտույտով՝ տարտամ զգայնությունը կունենա խլվելու, հափափվելու... Կոպերը փակ, զգայազիրկ և ուժաթափ՝ ինքզինքը