Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/296

Այս էջը սրբագրված է

կը լքե սեղմապնդումին... Ի՞նչ դյուցազնական, գերմարդկային ճիգերու կը պարտի իր փրկությունը։ Եվ ո՞ր քաջն Է այս հրաշքը կատարողը։ Իսմեթ վայրկյան մը իսկ չի տարակուսիր. երբ զինք կը փոխադրեն խոնարհ տնակ մը ու հոն բավական ժամանակե ետք կուշաբերի, կը տեսնե իր սնարին վրա հակած Վասիլիի գեղեցիկ տժգույն դեմքը, անձկությամբ խորշոմած... Եվ այս իր կյանքին ամենեն զորեղ, ամենեն քաղցր արբշռանքն է՝ զոր իր սիրտը խուլ տրոփյունով կիմացնե իբրև անծանոթ երջանկության մը մերձեցումը... Փալիքարին աչքերը խոնարհ ու կատաղի միանգամայն, իր աչքերուն սևեռած՝ կը լողան անհուն տարփանքի մը մեջ, բայց ան ոչ մեկ շարժում կընե։ Իսմեթ կը զգա՝ թե երբ ինքը անոր նայի այսպես՝ այդ մեծ երկչոտը պիտի չհամարձակի բնավ... Քաղցրորեն կը փակե իր աստղահեռ աչքերուն ծաղիկը և ահա իր տենդոտ բերնին վրա կը հպին տաք շրթունքները, միակ համբույրի մը գգվանքները. ցավաղին ինչպես վերք մը՝ ուրկե կարծես կյանքը խույս կու տա... Իրենց Էության այս նվաղումին մեջ իրենց համար այլևս ոչինչ, ոչինչ կապրի, բայց եթե ամենազոր սերը՝ որուն մեջ կը տապալի աշխարհը, հեռավորությանց և թշվառությանց օրենքր, հավերժական պատվարը ցեղերու հակամարտության... Չերքեզուհին կը մոռնա իր փափկացված բանտը, ձանձրույթը իր առգելափակ օրերուն։ Կը մոռնա նաև այս համբույրին մեջ զոր կը խմե ումպ առ ումպ, իր էութենեն դուրս բոլոր բաները. մինչև իսկ խոստացված հավատքը այն գեղեցիկ արարածին՝ որ գաղտնորեն ներկա է հոն, իր երջանկության տապալումին, և որ թերևս, մութին մեջ իր վրեժխնդրությունը կը դարբնե:

Մետաքսյա երկնաճամուկ սրահակով մը ծածկված լայնշի անկողինին վրա՝ Իսմեթ կը վերապրեր իր անդրանիկ արբեցության հմայքը։ Խռովահույզ հոգիին դեռ ցնցող տպավորությունը դինքը ընդոստ ոտքի կանգնեց։ Միևնույն անգամ, իր ահեղ գաղտնիքին միակ ավանդապահն