Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/30

Այս էջը սրբագրված է

11. ...Ո՛վ ԼԱԼԱԳԵ

Կը հիշե՞ս, ով Լալագե.
Ես քեզի հետ, ծանր ամիսին հըղությանդ,
Այգիիս մեջ ման եկա
Պըտղաբերձ օր մը աշնան։
5 Մայրամուտին շողերուն տակ դալկահար
Ծառերն էին ոսկեձույր
Եվ ողկույզներն աչքերու պես հըրեղեն
Քաղցրությաններ կը ծորեին հողին վրա։

Օ՜, իմ այգիս, օ՜, իմ այգիս կութքի՜ մեջ...
10 Հարյուրավոր ժիր գերիներըս հըլու
Երկայնքն ի վեր գանկերուն
Կը կըթեին սարբինան.
Եվ կողովներն հյուսված էին հրաշագեղ
Մայրամուտի ոսկեառէջ նշույլներով...
15 Անապատի անծանոթ երգ մը՝ շուրթին,
Եթովպուհին խընձորենին կը թոթվեր
Ծիծերն ի վար, գոգին մեջ։
Հոն, տըղաներ խառնածին՝
Կանանչացած, լեղակե թուխ ձեռքերով՝
20 Կը ժողվեին ընկույզներ։
Անդին բլուրեն վար, դեպ Քաղաքը, ճռընչուն,
Մեծղի եզներ, որոնց եղջյուրն այգեպանն
Որթատունկի սաղարթներով է պսակեր,
Կը քաշեին սայլերն ամբողջ բեռնաբարձ
25 Ողկույզներու դեզերով
Եվ ալիքով գինիի։