Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/300

Այս էջը սրբագրված է

4. ՄՈՐՄՈՔ

ՑՆՈՐՔԻ ՄԸ
Պիտի ապրիս այս սպիտակ է՜ակին համար
որ ելավ քու ցավագին միսեդ:
ԱՏԱ ՆԵԿՐԻ

Ինչո՞ւ համար չեկար։ Ես պիտի տայի քեզի այնպիսի սիրուն ու քաղցր անուն մը՝ որ ըլլար՝ առանձինն, արդեն փափուկ փաղաքշանք մը։ Քեզի համար կերազեի մազեր ապրշում, թուխ ապրշումն ալիքներ, ցանուցիր ցոլքերով, տարտամ ու խարտյաշ։ Միսդ պիտի ունենար ճափոնավարդի գույն մը, փթթուն կապտածաղիկներուն անբաղդատելի ալքերով, թարթիչներու քաղցրությամբ։ Կուզեի որ ըլլայիր ա՜յնքան գեղեցիկ, ա՜յնքան պիտի սիրեի քեզ։ Սերի՜ս զավակը, ինչո՞ւ համար չեկար։

Ամեն արշալույսի, բերանիդ անկյունը երկարաձգելով համբույրս՝ պիտի բանայի բիբերդ աշխարհիս վյրա։ Իրիկունը պիտի քեզի պատմեի հրաշազան հեքիաթներ։ Քեզի համար պիտի սորվեի տիրամոր Օրրերգը, և քու Մանուկ Հիսուսի ձայնդ զիս պիտի կոչեր՝ Մայր։ Մաքուր շունչիդ առջև սիրտս պիտի բացվեր։ Պիտի հետևեի, հեռո՜ւն, հեռո՜ւն, դեպի պայծառ հորիզոնը՝ քու մաքրենի երազներուդ անմեղ թռիչքին... Երբ աղոթեիր թաթիկներդ