Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/306

Այս էջը սրբագրված է

8. ԼԻԹՎԱՆԱԿԱՆ ԳԵՂՈՆ

Ծերունի Պուտրին իր արքունիքը կը կանչե երեք զավակները, իրեն պես հաղթահասակ Լիթվանացիներ, և իրենց կըսե. «Դուրս քաշեցեք նժույգները, թամբերը դրեք. սրեցեք նիզակները և սուրերը։

Վասնզի Վիլնայի մեջ ինծի ըսին թե հռչակված են երեք արշավանքներ դեպի երեք ծագերը հորիզոնին. Օլծիերտը պիտի ասպատակե ռուսական հողերը, Սքիրժելը դրացի Լեշիտներուն երկիրը և Հեստու իշխանը պիտի հարձակի Տևտոններուն վրա։

Առողջ եք և հուժկու. գնացեք ծառայել ձեր հայրենիքին. Լիթվանիայի աստվածներր առաջնո՜րդ ձեզի։ Այս տարի ես չեմ մեկնիր. խորհուրդներ պիտի տամ մեկնողներուն. դուք երեք եք, և երեք ճամբա կա ձեր առջև։

Պետք է որ ձեզմե մեկը Օլժիերտի հետ խոյանա ռուսներուն դեմ, Իլմենի ափերը, նովկորոտի պարիսպներուն տակ. Հոն կուզի ագիներ կան և արծաթյա շղարշներ․ և վաճառականներուն քով սկուտները անհամար են սառնակույտերու նման։

Թող երկրորդը հետևի իշխան Քեստուի՝ որ իսպառ կը ջնջե շուն խաչակիրները, հոն սաթ կա ավազի չափ․ հրաշափայլ կերպասներ, և շուրջառներ ականակուռ։