Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/307

Այս էջը սրբագրված է

Թող երրորդը սլանա Սքիրժելի հետ Նիեմենեն անդի՜ն. Հոն պիտի գտնե առտնին խղճուկ գործիքներ, բայց ի հեճուկս՝ լավ թուրեր ու աղեկ վահաններ, և ինծի պիտի բերե հարս մը։

Վասնզի երկրիս բոլոր կալանավորներուն մեջ Լեշիտները ամենաքաղցր սիրուհիներն են. խայտուն ինչպես մատղաշ կատուները, կաթի պես սպիտակ մորթ ունին, և թուխ թարթիչներ՝ իրենց կոպերուն, և իրենց աչքերը կը շողան նման զույգ աստղերու։

Ես անկե՛ առի, կես դար առաջ, Լեշիտ մը իբրև կին, թեև անիկա այժմ գերեզմանի մեջ՝ բայց առանց հինք հիշելու՝ երբեք այն կողմը չեմ նայիր»։

Ըսավ, տվավ ողջերթի օրհնությունը։ Անոնք կը ցատկեն թամբերուն վրա, կառնեն զենքերը և կը մեկնին քառատրոփ: Կանցնի աշունը, կանցնի ձմեռը, և որդիները չեն վերադառնար։ Պուտրին կը խորհի թե կորսված են պատերազմին մեջ:

Հորձանապտույտ ձյունին մեջեն սպառազեն ձիավոր մը կը սլանա դեպի գյուղ. և իր տառատոկին տակ ստվար բան մը կը սքողե, «Է՜հ, տիկ մըն է, և այդ տիկին մեջ, այնպես չէ՞, կան Սովկորոտի ռուպլիներ»։ «Ո՜չ, հայր իմ, հա՜րս մըն է Լեշիտ»։

Հորձանապտույտ ձյունին մեջեն՝ սպառազեն ձիավոր մը կը սլանա դեպի գյուղ, և տառատոկին տակ ստվար բան մը կը սքողե, — «Անշուշտ, զավակս, Գերմանիայեն տոպրակ մը սա՞թ կը բերես»։ «Ո՜չ, հայր իմ,՝ հա՜րս մըն է Լեշիտ»։

Հորձանապտույտ ձյունին մեջեն՝ երբորդ ձիավորը դեպի գյուղ կուգա քառասմբակ. իր փքուռույց տառատոկը կը ծածկե մեծ կողոպուտ մը, բայց տակավին իր ավարը ցույց չտված՝ ծերունի Պուտրին հրավիրած է արդեն կոչնականները երրորդ հարսնիքի մը համար։