Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/309

Այս էջը սրբագրված է

Բերդին ավերակներուն վրա, որոնք կը մխան, փլատակներուն և դիակներուն մեջտեղ, Սպանիացիները կը կանգնին խրախճանքի սեղան մը, գինին հորդակոհակ կը հոսի, գերիներն և կողոպուտը մեջերնին կը բաժնեն։

Հանկարծ պահակը զեկույց կու տա պետերուն՝ թե оտար երկրի ասպետ մը դեմառդեմ ունկնդրություն մը կը հայցե, կըսե թե ծանրակշիռ լուրեր ունի։

Ալմանզորն է, Իսլամներուն արքան. իր ապահով պատսպարանը թողած՝ իր անձը Սպանիացիներուն ձեռքը կը հանձնի, և իր կյանքեն զատ բան մը չի խնդրեր։

— «Սպանիացինե՜ր, — կը գոչե, — կու գամ խոնարհիչ ճակատս ձեր շեմին վրա, կու գամ ձեր Աստուծույն սպասարկել և հավատալ ձեր մարգարեներուն։

Թող համբավը հռչակե ամբողջ աշխարհի՝ որ Արաբ մը, հաղթված թագավոր մը, եղբայր կուզե ըլլալ իր հաղթողներուն, հպատակ՝ օտար թագի մը»։

Սպանիացիները գիտեն հարգել քաջությունը։ Երբ ճանչցան Ալմանզորը, իրենց պետը ողջագուրեց զինքը, և մյուսներն ևս փոխն ի փոխ ողջույն տվին անոր իբրև ընկերոջ մը։

Ալմանզոր փոխանակեց յուրաքանչյուրին ողջույնը, ամեն այն խանդաղատանքով ողջագուրեց պետը, վիզը փաթթվեցավ, սեղմեց ձեռքերը, շրթունքներեն մնաց առկախ։

Հանկարծակի կը տկարանա, կիյնա ծունկերուն վրա, բայց դողահար ձեռքերով կարձակե ապարոշը Սպանիացիին ոտքերուն առջև, և զայն մարմնին հետ ընդքարշ կը թոթվե պետնին վրա։

Կը դիտե շուրջը, բոլորն ալ կը զարմանան. դեմքը գունատ է, կապուտցած, ահռելի ժպիտ մը բերանը կը կծկե, բիբերը արյունով կը խնուն։