Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/31

Այս էջը սրբագրված է

Եվ փարչին մեջ, աղբյուրներուն վրա բոլոր
Տերևներ լյո՜ւղ, տերևներ լյո՜ւղ կու գային...

Արդ հիշեցի՞ր դուն այն օրն, ո՞վ Լալագե,
30 Ակոսներուն և կողերուդ ընդմեջեն,
Այն ծանր ամիսն հղությանդ,
Կանցներ ալիքն հողին հորդող ույժերուն։
Արեգակի արյունին նուռն էր՝ ծոցիդ
Մեջ հասունցած: Բուներն ի վար ձառերուն
35 Կը ծորեին շիթ առ շիթ
Հույզերը՝ նման արցունքի։
Քու համբուրված մարմինիդ պես ծանրակիր
Հողն էր թըրջված. էր կպչուն
Քաղցուներով և մեղքով։
40 Անուշաբույր իր բեռին տակ կը կըքեր
Դեղձենին քեզ նըմանակ,
Քու ծիծերուդ նըմանակ
Ողկույզներն այն լեցուն էին՝ ապագա
Ծիծաղներով, ցընծությունով և կայթով։
45 Ու իրիկունն այն՝ կուռեր կո՜ւրծքը հողին...
Հընձաններուն քովեն անցանք մենք դյութված
Խազմուզին բարկ բուրումեն։
Գերուհիներ, պարեգոտնին հանգրըճած
Մինչև իրենց պորտին տակ,
50 Կը կոխեին խաղողն ատոք՝ թըրջելով
Մինչև իրենց պորտին տակն, ո՞վ Լալագե։
Վայրածըփիկ մազերնուն ծայրը համակ
Կը ներկըվեր բոսորագեղ հույզին մեջ
Եվ քովն իրենց՝ հընաբույր լայն կարասնե՝
55 Նվիրագործված ամեն տարի, ծոցիդ պես,
Լեցո՞ւն էին գինիներով — ծոցիդ պես —
Լեցուն շողո՞վ, հաղթանակով, բերկրանքո՞վ,
Հավերժակա՞ն կյանքերով։
Հետըդ անցանք ծիծաղներու, երգերու
60 Մեջեն առույգ, զոր աշխատող հոգիներ