Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/312

Այս էջը սրբագրված է

ԵՐԵՑ ԱՂՋԻԿԸ. — Այսուհանդերձ աստղեր կան։
ՀՈՐԵՂԲԱՅՐԸ. — Ո՛հ, աստղե՜րը, այդ ոչինչ կ՝ապացուցանե։
ՊԱՊԸ. — Լավագույն է մնալ այստեղ, չգիտենք թե ի՞նչ կրնա
պատահիլ։
ՀԱՅՐԸ. — Այլես պետք չէ մտահոգ ըլլալ։ Վտանգ չկա, ան ազատեցավ...
ՊԱՊԸ․ — Կարծեմ աղեկ չէ...
ՀԱՅՐԸ. — Ինչո՞ւ կըսեք ատիկա։
ՊԱՊԸ. — Ձա՛յնը լսեցի։
ՀԱՅՐԸ. — Բայց քանի որ բժիշկները կը վստահացնեն թե կրնանք հանգիստ ըլլալ։
ՀՈՐԵՂԲԱՅՐԸ. — Դուն լավ գիտես՝ որ աներդ կը սիրե իզուր
տեղը մեզ մտահոգել։
ՊԱՊԸ. — Ես ձեզի պես չեմ տեսներ։
ՀՈՐԵՂԲԱՅՐԸ. — Ուրեմն տեսնողներուն պետք ես վստահիլ։
Այսօր, կեսօրեն ետք երևույթը աղեկ էր։ Խորունկ կը քնանա.
մենք պետք չէ թունավորենք այս մեր առաջին բարեդեպ
երեկոն... Կարծեմ իրավունք ունինք հանգստանալու,
և նույնիսկ քիչ մը խնդալու, առանց վախի։
ՀԱՅՐԸ. — Իրավ է, այն ահռելի տղաբերքեն ի վեր առաջին անգամն է՝
որ տունս՝ իմիններուս միջև ըլլալս կը զգամ։
ՀՈՐԵՂԲԱՅՐԸ. — Անգամ մը որ մարդուս տունը կը մտնե հիվանդությունը՝
կարծես օտարական մը կա ընտանիքին մեջ։
ՀԱՅՐԸ. — Ու այն ատեն կը տեսնվի նաև՝ որ ընտանիքեն դուրս
ոչ ոքի վրա պետք է հույս դնել։
ՀՈՐԵՂԲԱՅՐԸ. — Իրավունք ունիս։
ՊԱՊԸ. — Ի՞նչ պատճառավ այսօր իմ աղջիկս չտեսնեմ։
ՀՈՐԵՂԲԱՅՐԸ. — Լավ գիտես որ բժիշկը արգիլած է։
ՊԱՊԸ. — Ի՜նչ խորհիմ՝ ես ալ չեմ գիտեր...
ՀՈՐԵՂԲԱՅՐԸ. — Իզուր է ինքզինքդ անհանգիստ ընել։
ՊԱՊԸ. — (Ձախակողմեան դուռը ցույց տալով) Չի՞ կրնար լսել
խոսածնիս։
ՀԱՅՐԸ. — Բարձրաձայն չենք խոսիր. թող թե դուռը շատ թանձր