Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/315

Այս էջը սրբագրված է

ՀՈՐԵՂԲԱՅՐԸ. — Զարմանալի է որ քույրս տակավին այստեղ չէ։
ՊԱՊԸ․ — Այլևս սոխակներուն ձայնը չեմ լսեր։
ԱՂՋԻԿԸ. — Կարծեմ մեկը մտած է պարտեզին մեջ, մեծ հայր։
ՊԱՊԸ. — Ո՞վ է:
ԱՂՋԻԿԸ. — Չգիտեմ, ոչ ոք կը տեսնեմ:
ՀՈՐԵՂԲԱՅՐԸ. — Ըսել է թե մարդ չկա:
ԱՂՋԵԿԸ․ — Պարտեզին մեջ պետք է մեկը ըլլա, սոխակները
հանկարծ լռեցին։
ՊԱՊԸ. — Այսուհանդերձ ոտքի ձայն չեմ առներ։
ԱՂՋԻԿԸ. — Անշուշտ մեկը կանցնի ավազանին քովեն, վասնզի
կարապները կը վախնան։
ՈԻՐԻՇ ԱՂՋԻԿ ՄԸ. — Ավազանին բոլոր ձուկերը շտապավ կը
խորասուզվին։
ՀԱՅՐԸ. — Ո՞չ ոք կը տեսնես։
ԱՂՋԻԿԸ. — Ո՛չ ոք, հայրիկ։
ՀԱՅՐԸ. — Եվ սակայն ավազանին վրա՝ ցաթած է լուսնկան։
ԱՂՋԻԿԸ․ — Այո՛, կը տեսնեմ որ կարապները կը վախնան։
ՀՈՐԵՂԲԱՅՐԸ․ — Վստահաբար քույրս է զանոնք ահաբեկողը։
Պզտիկ դուռնեն մտած պիտի ըլլա։
ՀԱՅՐԸ. — Չեմ կրնար բացատրել թե ինչո՜ւ շուները չեն հաջեր։
ԱՂՋԻԿԸ. — Կը տեսնեմ գամբռը՝ քաշված իր խուզին խորը։
Կարապները դեպի մյո՜ւս ափունքը կ՝երթան...
ՀՈՐԵՂԲԱՅՐԸ․ — Քրոջմես կը վախնան: Տեսնեմ (Կը կանչե):
Քույր իմ, քույր իմ։ Դո՞ւն ես։ Մարդ չկա։
ԱՂՋԻԿԸ. — Վստահ եմ որ պարտեզին մեջ մեկը մտած է։ Կը
տեսնեք։
ՀՈՐԵՂԲԱՅՐԸ. — Բայց ան պետք էր ինծի պատասխանել։
ՊԱՊԸ. — Արդյոք սոխակները չեն սկսիր դայլայլել, Յուրսյո՜ւլ։
ԱՂՋԻԿԸ. — Հա՜տ մը իսկ չի լսվիր ամբողջ դաշտին մեջ։
ՊԱՊԸ. — Եվ սակայն աղմուկ չկա։
ՀԱՅՐԸ. — Կա մեռելական լռություն մը։
ՊԱՊԸ. — Պետք է ուրեմն անծանոթ մ՝ըլլա զանոնք ահաբեկողը,
վասնզի եթե տնեցի մ՝ըլլար՝ պիտի չլռեին։
ՀՈՐԵՂԲԱՅՐԸ. — Սոխակներով կը զբաղիք այժմ։
ՊԱՊԸ. — Բոլոր պատուհանները բա՞ց են, Յուրսյո՜ւլ։