Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/339

Այս էջը սրբագրված է

Աջ կողմեդ և ձախ, կըլլան զույգ մօղեր
10 Ջուրեն փայփայված մեծ ականջներուդ.
Երկինքն աստղերով ճակատդ է քողեր՝
Զույգ կապույտի մեջ երազ մես կապույտ.

Դու մարգարիտ մես՝ դարերու ձեռքեն
Փըշրված և ցանված քղանցքին վըրա լուրթ
15 Ադրիականին, ով քաղաք Հրեղեն,
Եվ լաբյուրինթոս քայլերու պանդուխտ։

Շատ կը սիրեմ նեղ ճամբաներդ զիկ-զակ,
Կեսը սալաքար և կեսը ալիք.
Հոն ընկերս ու ես խոսելով կըրնանք
20 Երթալ, ես՝ ոտքով, ու նավակով՝ ինք.

Հոն պայտն ու սըմբակ կայծ չեն ցայտած դեռ,
Սայլի անիվներ հոն ակոսած չեն.
Մարդկային ոտքի հազար ներբաններ
Գրեթե զիրար միշտ կը շոշափեն։

25 Բագում կըղզիներ, շենքեր վըրանին,
Կոր կամուրջներով են շըղթայարկված,
Ինչպես կուզ ուղտերը կարավանին՝
Իրենց վերտակապ սանձով գոգացած։

Կը լըվա ջուրն հիմը տուներուն գեջ՝
30 Ծեփը լիզելով փոշի առ փոշի.
Երկու կըղմինտրի անջըրպետին մեջ՝
Կածե խեչափառն իր ձվեր բոլորշի։

Հոն պատուհաններն ունին, բացօթյա,
Հայելի մառջևնին (զոր ծովն Է հըղեր)
35 Ուր, աստղերուն մեջ. լուսնին քով, կըրնա
Վենետկուհին իր դեմքը զետեղել։

Պատերը՝ ջուրին, ջուրը պատերուն
Վըրա կը ցոլա շողեն արևու.
Ջուրին մեջ նորեն կը սկըսի տունն
40 Միշտ քանդըվելով՝ առանց փըլչելու։

Հոն դուռերուն սեմը կոնտոլ մըն Է,
Չնաշխարհյա քաղքին կուրը չնաշխարհյա,
Որ գիշերվան մեջ ճակտին կը կըրե
Մեկ աչք մհըրեղեն — փայտե՜ կիկլոպա,