Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/35

Այս էջը սրբագրված է

13. ՀԻՆ ՍԵՐ

Մամ ու ծերուկ, երկու թարշամ հոգիներ,
Եկան նըստիլ շուքին ներքև ծիրանվույն՝
Որուն քընքույշ ծաղիկներն էին զարդարեր
       Օր մը գըլուխը հանվույն։

5 Անոնք սաստիկ կը դողդոջեն՝ իբր ըլլան
Սիրահարներ հանկարծ իրար հանդիպած.
Բայց քովերնին՝ ցուպե՛րն իրենց լոկ կը մնան
       Խոտին վըրա՝ գըրկըված։

Չունին այլևս հըրդեհումներն արյունին․
10 Անոնց հոգին համբույրի երգը չունի.
Ոչ ալ հոգնած կողերնուն մեջ կը ծաղկին
       Սերմերը՝ նման շուշանի։

Պապուն նայվածքն աչվըներուն մեջ մամուն
Կը նվաղի՝ չըթափանցած դեռ սըրտին.
15 Եվ կը մըսի գաղջ ճառագայթն արևուն
       Անոնց ծոցին մեջ ցըրտին։

Եթե փորձեն իսկ տարփանքի փորձ մ՝անմեղ
Գարնան դրրդիչ բուրումներեն սըրարբած՝
Որ փըշրի՜ սիրտն՝ իբրե բաժակ մը բյուրեղ
       20 Հանկարծ կրակին դեմ ճաթած:

Վարդերն անցան, անցան բոցերն այտերե.
Սերն անոնց կայծ մ՛է մոխիրին մեջ թաղված՝
Զոր հիշատակն իր շունչով իսկ կը մարե
       Վայրկյան մհազի՛վ արծարծած։