Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/38

Այս էջը սրբագրված է

25 Անթիվ կըղզիներ, շենքեր վըրանին,
Կոր կամուրջներով են շըղթայարկված։
Կարծես կուզ ուղտերն են կարավանին՝
Անապատին մեջ ժայռերու փոխված։

Կը լվա ջուրն հիմը տուներուն գեջ՝
30 Փոշի առ փոշի ծեփը լիզելով,
Երկու կըղմինտրի անջրպետին մեջ
Կ՝ածե սլականջն ի՜ր ձուերն ալեխռով։

Պատուհաններուն տակ ջրանցներ շափյուղա
Հայլի են կարծես՝ զոր ծովն է հըզեր,
35 Ուր աստղերուն մեջ, լուսնին քով, կըրնա
Վենեակուհին իր դեմքը զետեղել։

Որմերուն ըստվերն հևհև կը նազի
Ալիքներուն վրա, ալիքն՝ որմերու։
Տունը ջուրին մեջ նորեն կը սկըսի,
40 Միշտ քայքայվելով՝ առանց փըլչելու։

Դըռներուն խոնավ շեմը կոնտոլ մէ․
Անզույգ Ոաղաքին անզո՜ւյգ կարկուրա,
Որ գիշերվան մեջ ճակտին կը կըրե,
Միակ աչք մհրեղեն, փայտե՝ կիկլոպա,

45 Որ լորտուի պես սև, սողագընաց,
Կամուրջներուն տակ կը սահի կանցնի,
Ինչպես զըղջումին տակ մե՜ղքն ամոթխած...
Ա՛յս տարբերությամբ՝ որ մեղքն աչք չունի։

Ահա Մեծ-Ջըրանցդ, ո՛վ Քաղաք—դըշխոդ,
50 Որ կոր երիզով քեզ կը պարուրե,
Իբր Ադրիականն իր թևը կապույտ
Վիզըդ անցըներ՝ որ թուշդ համբուրե։