Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/41

Այս էջը սրբագրված է

15. ԱՌԱՋԻՆ ՄԵՂՔԸ

Ձորերուն մեջ, սարերուն վրա կարածեր
Ան ամեն օր ուլն իր կապույտ աչքերով.
Ոտքերը մերկ էին և միշտ ալ վըստահ
Մեն մի քայլին՝ շուշանի վրա կոխելու։
5 Ճերմակ կրծքին մե՛րկութեան վրա վիժանուտ
Ոսկի հերքեն կը ծորեին ծոթրիններ.
Ո՛չ մըրտենին և հասմիկները գըլխուն
Կը թոշնեին, ո՛չ ալ վարդերն այտերուն.
Ան միշտ կերգեր, ու երգն իր
10 Կը ծիծաղե՜ր սըրտին մեջ,
Իր ըզգեստիկը կապույտ
Երկընքի մեկ ջինջ կըտորեն էր ձևված,
Եվ հովվական իր ցուպն էր օձ մը բրածո՝
Քարացա՜ծ օձ՝ որ իր մաքուր ձեռքին մեջ
15 Դեղձիի ճյուղ մը եղավ։

Երբ վըտակին եզերքեն
Ան կը քըշեր ուլն իր կապույտ աչքերով
Ծառերուն մեջ՝ գաղտագողի՝ լուսընկան
Իր ետևեն կը քալեր,
20 Եվ լուսընկան տարփատենչ բիբն էր գուցե
Եհովային, կույսերու հի՛ն Սիրահար։

Բայց իրիկուն մ՝ան հովտեն ձայն մը լըսեց՝
Որ զինքը, վա՜րն, աղբյուրին քով կը կանչեր.
Երգ մէր կարծես, այնքան աղվոր և դյութիչ՝
25 Որուն իր ուլը ճերմակ
Վիզը տընկած, խոտը բերանն, ունկընդրեց.