Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/42

Այս էջը սրբագրված է

Նոր երգ մէր ան՝ որ կըսեր.
«Ճերմա՜կ աղջիկ, ճերմա՜կ աղջիկ, վա՞ր եկուր,
Եվ աղբյուրին քով ուլդ ինծի զոհ ըրե։
30 Թըզենիին շուքին տակ,
Ճերմա՛կ աղջիկ, ճերմակ ուլդ ինձ զոհ ըրե։
Այս լեռներուն ես Ոգին եմ լիազոր.
Իմ շունչիս տակ՝ թե ուզեմ՝
Գետերն արծա՜թ կը հոսեն
35 Եվ հեղեղները՝ ոսկի.
Հասած տեղն իմ համբույրիս
Կանգնի սարսուռն՝ որ բաղձանքն է ծնունդին․
Իմ գըրկիս մեջ շուշաններ վարդ կը դառնան,
Եվ կույսերն ալ թագուհի։
40 Ես քու զոհիդ արյունեն
Դաշտերն ամբողջ ծաղիկներով կը լեցնեմ,
Եվ ուլիդ տեղ թիթեռնիկներ կարածես․
Ճերմա՜կ աղջիկ, ճերմա՜կ աղջիկ, վա՞ր եկուր»։
Ան լսեց այս ձայնը, երկա՜ր ու երկա՜ր,
45 Որ կարծես իր արյունին մեջ կը խոսեր․
Լըսեց ու, լուռ, աստղերուն տակ հառաչեց։
Հետո դյութված՝ ցուպն առավ
Ու քըշեց ուլը ճերմակ՝
Բըլուրեն վար՝ դեպի հովիտն հեշտաբույր։
50 Հո՞ս է աղբյուրն, հո՛ս թըզենին, և կը զգա՞ս
Արու Ոգին՝ որ ծոթրինի և թյումի
Ըզգըլխիչ հոծ բույրերով
Գըրկեր է քեզ։ Զոհդ ըրե՛։

Ջինջ ու ողորկ քարերուն վրա աղբյուրին՝
55 Ծունկին վերև ան պառկեցուր ուլն՝ որուն
Փոքրիկ եղջյուրն ավաղին մեջ խըրեցավ։
Ո՛հ, ի՛նչ արբշիռ էր պահն ու որքա՜ն անույշ.
Ան կը հավտար թե զոհելեն վերջը դեռ
Պիտի ուլն իր ողջ մը նա,
60 Պիտի մարգին մեջ պապաչե և ոստնու։