Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/65

Այս էջը սրբագրված է

Աջ կողմը ճիշտ Բակուրին՝ որ իր կարգին կը նըստի
Գահի մը վրա՝ որուն լայն թիկնատեղն է քանդակված
Բագոսը՝ եզ մորթերով պըսակելու ըզբաղած։
25 Սեղանին շուըջը արդեն Մեծամեծներն հայկաղուն
Դեմ հանդիման բազմեր են, բայց ոչ իրենը մեծանուն
Աստիճանին համեմատ, այլ սարերու մեծության։
Հոն են ճորտերը Սյունյաց գավառներուն երկտասան,
Լերան ազատ զավակներ, միշտ զրահի մեջ կուրծքերնին
30 Որոնք հըզոր կումբի պես ջահերուն տակ կը փայլին։
Հոն կան նաև բըդեշխներ, ազատանին քաջարի՝
Որ կը պատմեն թե ի՜նչպես կորսան վարազը վայրի։
Ազնըվատոհմ սեպուհներ ոսկեճարմանդ խլաներով
Գինվո բաժակ ի ձեռին կը ծիծաղին կես գինով։
35 Պալատին մեջ ծով մը կա ծիծաղներու և լույսի
Որ գաղջորեն ծուփ առ ծուփ դռներեն դուրս կը հոսի։
Կոչնականները զարմիկ պատերն ի վար կախեր են
Որսի գալար շեփորներն ու վահաններն ոսկեղեն.
Եվ նիզակները, դեռ թաց վարազներու արյունով,
40 Տըրձակ տըրձակ կը հանգչին հըսկայափեղկ դըրան քով։
Լայնակոնք սրահը քըսան սյուներով է կառուցված՝
Որոնց վըրա կը շողան քըսան ջահեր դեմ դիմաց.
Եվ այն քըսան սյուներուն մեջեն քըսան գերիներ
Կը բերեն թանկ սաներու վըրա՝ խորված երեներ՝
45 Որոնց շոգին քըմպարար կը բարձրանա ոլորուն
Ջահերուն շուրջ կազմելով խըլատեռեր ծըփծըփուն։
Ըսպասներն ալ սեղանին մեծարժեք են․ և կարծես
Արծաթազօծ դըգալներն ու դանակները նույնպես
Փողփողումին տակ լույսին փայլակներ են աղմըկոտ՝
50 Որ կը ծըփան դիպակյա նըվարտանին վրա փութկոտ։
Ծաղկակալներ են դըրված երկայնքն ի վեր սեղանին,
Որոնցմե եղկ բուրումներ շուրջը արբշիռ կը սըփռին․
Ծաղիկներուն ընդմեջեն, քըրքիջներուն հետ թըրթռուն,
Կը նըշմարվին ըսպիտակ ակռաներն հույր ճորտերուն.
55 Եվ գինիին թանձըր հոտն և խահերուն գոլորշին
Վեր բարձրացած՝ կը սքողեն կատաղությունն այդ ճաշին։