Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/69

Այս էջը սրբագրված է

Սերն հայկազուն կույսերուն և հարճերուն գինարբու
Որոնք այգվույն զովալից հովանիին տակ պառկած
150 Լույս ծոցն իրենց կը թողուն սեպուհներուն համար բաց։
Կոչնականները համուռ դեպ գուսանները դարձան,
Որոնց մեջտեղ ըսկըսած էր պարել կին մը դեղձան։
Վարձակն էր ան, Նազենիկ, նազելագեղ անունով։
Հասակն ամբողջ կը թըրթռար բարտիի պես հողմախռով.
155 Դաշներգը իր ջիղերուն դաշներգին հետ լարերուն
Կը միանար, կը սըփռեր համանըվագ մհարաճուն։
Յոթն հարճեր հերքը խարտյաշ մատվըներով նախանձոտ
Արաբական յուղի մեջ օծաներ են քաղցրահոտ.
Եվ գըլխուն շուրջը պըսակ մը վարդերու հյուսեր են՝
160 Որոնք եթե ճըզմըվին անշուշտ արյուն կը ծորեն։
Կը շողշողան ունկերուն ծայրը օղեր փողփողէջ
Աստղերու նման ցոլալով անրակներուն փոսին մեջ․
Արմուկեն վեր աջ բազուկը կը խածնե սեղմորեն
Լուրթ մարգրիտով հելուզված ապարանջան մոսկեղեն,
165 Իսկ վիզեն վար մինչև ծայրն ըստինքներուն սևապտուկ
Կը բոլորվի վառ մանյակ մը լույսերով հեղեղուկ։
Եվ այնքան նուրբ է զառքաշն՝ որ կը բըղխե դեպի դուրս
Ազդըրներուն գաղջությունն և կաթնագույնը սընդուս․
Մուճակներուն մեջ խարտեշ կաղապարված ոտքերն ա՞լ
170 Դռույթ տալով կը սկըսին հատակին վրա պար դառնալ։
Կոչնականները լըռիկ հիացումով քարացած,
Մարմնակարկառ, ապշոպյալ, աչուներով լայնաբաց,
Կը դիտեն զինք։ Նազենիկ նախ կօրորե մեղմորեն
Ալապաստրե ուսերուն վըրա գըլուխն հըրեղեն՝
175 Ներկաներուն շըրջելով զույգ մը աչքերը աղվոր՝
Ուր կընկղմի մարդ հեշտին, բայց դուրս կելլե վիրավոր։
Վեր կը վերցնե հոլանի բազուկներն իր հուլորեն
Լայնշի քողին կապուտակ խաղաղության ընդմեջեն
Զույգ մը տոսախ բամբիռնեըը մատերուն մեջ ճարտար
180 Հանկարծակի կը հընչեն, կըլլան պարին կառավար։