Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/70

Այս էջը սրբագրված է

Մարմինն ընդհուպ կը զոփա, կու տան ոտքերը դըռութ,
Եվ ան իր իսկ շարժումին անդունդին մեջ հորձանուտ
Կարծես վայրկյան մը այլևըս աչքերե կանհետի՝
Ինչպես երկնի մեջ կորսվող լուսադայլայլ մեղեդի։
185 Օ՜, այդ մեծ պարն հեթանոս՝ որ Աստղիկի կը ձոնեն,
Գեղեցկության այդ աղոթքն, աղոթքը այդ մըսեղեն.
Բայց իրանը ճապուկ ելևէջովն ըստինքին՝
Որոնց մեջ կաթն իսկ կեռա հուզումներեն սաստկագին․
Օ՜, թևերն իր լուսածղի՝ օձերու պես պարարակ
190 Կարծես երկար կըթըված կախարդ սրինգով ներդաշնակ.
Եվ զիստերն իր սարսռագեղ, գեր երաստանը շամբույշ,
Եվ բոլորին իբր առանցք մեջքն ուռիի պես քընքույշ՝
Որուն շուրջ մարդ պիտ ուզեր բաղեղի նման փաթթըվիլ,
Եվ վերջապես հյութասպառ բաղեղի նման թառամիլ։
195 Բամբիռներն իր կը հընչեն ձեռքերուն մեջ սաստկորեն
Իբրև օրենք մարմինին բյուր ձևերուն հոյաշեն.
Բամբիռնե՜րն իր կը հընչեն, ու անոնց երգը բյուրեղ
Կը քաղցրանա մեղրի պես ջահերուն տակ լուսագեղ.
Եղունգներով հինայված մատերեն վար աղածրի
200 Դաշնակություն մհրաշալից մազերուն մեջ կը ծորի։
Բամբիռներն իր կը հընչեն, այնքան ճարտար՝ որ կարծես
Անոր ձեռքերն Ապողոն թաթախեր է տարփակեզ
Սըրտին մեջ իր տավիղին։ Գործիքին ձայնը կերկեր
Կը զեղու սրահ՛ն՝ ուր շատոնց գուսաններն ա՞լ չեն նվագեր։
205 Կոհակներուն մեջ լոգցող աղկիոնին հանգունակ
Ան կը լողա մատերուն երգերուն մեջ ներդաշնակ՝
Որոնց ի լուր տատրակներ ահա կու գան խառնըվիլ
Ցանցին մեջ իր մազերուն, իր մազերուն հիատեսիլ՝
Որոնք, ալիք առ ալիք, կերթան սըփռիլ ման ի ման
210 Ասպետներուն գըլխուն վրա արշալույսի մը նըման։
Կոչնականները գինվո մեջ թաթախված, տրոփագին,
Բոլորը լուռ, սալացած՝ ըզմայլանքեն գեղեցկին
Կը դիտեն մրրիկն այդ կընոջ գանգուրներուն մետաքսե։