Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/71

Այս էջը սրբագրված է

Ան կը ճախրե՜, կը ճախրե՜, կատաղորեն կը ճախրե՜։
215 Երբոր ետև կը թեքի՝ կուրծքին վըրա հոյաշեն
Բըլուրի պես կը դիզվին ըստինքներն իր սարսռալեն․
Եվ վարսերն իր վիժանուտ, ուսերն ի վար հոսելով,
Կերթան փըրփրիլ հատակին, հոն կազմելով ոսկի ծով․
Ան կը ճախրե՜, կը ճախրե՜, սանձակոտոր կը ճախրե՜․․․
220 Հոգվույն մեջ՝ ծով, շուրջը՝ լույս։ Կիպերյան Աստղիկն է՝
Որ իր չորս կողմն հավաքած աղափնիները լուսեղ
Փորձեր կընե թըռչելու ինքն ալ անոնց հետ մեկտեղ,
Ու հևհևուն, ծիծաղկոտ, վարդի մը պես բըռընկած,
Վերջին թափով կը սուզի կապույտին մեջ վերասլաց
225 Թողլով որ քողն ամպերեն հորձանապտույտ իյնա վար
Տիոնիսյան բագնին վրա, գինիին մեջ հըրավառ։
Արյսպես պարեց վարձակն ալ, մինչև որ քողն հոգիին
Հոն թաթախեց դիրտին մեջ ամեն մարդու բաժակին։
Ա՛լ հոգնած Էր ու քըրտնած, կուռեր ծոցն իր լուսեղեն,
230 Երբոր վերջին ճախրին մեջ Տրդատ բրոնեց բազուկեն
Եվ ծունկին վրա նըստեցուց, գգվեց գըլուխն ոսկեհեր։
Վարսերն ի վար շիթ առ շիթ կը ծորեին քըրտինքներ.
Ձեռքերուն մեջ դեռ տենդոտ, Բագրատունվույն ճոշին վրա
Կը դողային բամբիոներն իր մարմնույն պես դյուրազգա։
235 Տըրդատ մատերը անոր համբուրելով մի առ մի
Եվ շամբշելով անոր հետ զերդ մեղեխներ վաղեմի,
— «Նահապե՛տ, ո՞վ է, — ըսավ,— վարձակը այս լուսաստինք։
Եթե Աստղիկ երկնի մեջ Վահապնի օր մհանձներ զինք,
Ու կաթիլները սերմին ըլլային նույնիսկ աստղեր՝
240 Դարձյալ այսքան չըքնաղ ծնունդ մը երբեք չէր բողբոջեր։
Այս կինն ինձ տուր, եթե չէ օրեն՝ որ մենք ընենք վեճ,
Արշալույսին թող մեկնիմ արշալույսն այս գրկիս մեջ»։