Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/74

Այս էջը սրբագրված է

300 Արշալույսին՝ որ մոտ է։ Մեծ դըրան քով արեգդեմ
Կա թուզի ծառ մը՝ որուն սաղարթներուն ընդմեջեն
Պատուհանիս ճրագն առկայծ ճամբորդներն հար կը տեսնեն։
Հոն կը սպասեմ ես քեզի վարդենիի մը նման,
Որ կոկոններն իր բանա պիտի կուրծքիդ վրա տիտան»։
305 — «Ձիուս առջի խըրխինջեն պատրաստ եղիր, նազենի՜կ,
Դեռ ճրագդ արփվույն շառայլեն չընըվազած՝ կը մեկնինք»։
Ըսավ Տըրդատ։ Թուրը մերկ միշտ ափին մեջ շողարծարծ,
Տալով կամա երևույթը մեկնումի մը անդարձ,
Գընաց թամբեց երիվարն ու խավարին մեջ, անտես,
310 Անհետացավ քառատրոփ, փայլակնացայտ ամպի պես։
Կոչնականներն ահաբեկ, կոչնականներն հիազարհուր,
Գինո՛վ ու վա՜տ, մի առ մի պարպեցին սրահն ընդհանուր.
Լոկ կույր գուսան մերգին մեջ անվերադարձ տեսլացած՝
Դեռ լռության մեջ կը նվագեր սյունի մը հաղթ կռթընած:


Բ


315 Ահա առտվան շողերեն հագեր է վարդ ու սուտակ
Պատուհանին առջևի թըզենի ծառն ընդարձակ՝
Որուն ետև հարճն արթուն. — «Ինչու՞ չեկավ,— կը խորհի,—
Արտույտն ահա արձակեց կալին մեջ երգը բարի.
Եվ պալատին պահապան շունն արթընցած ման կու գա
320 Բակին մեջ՝ մերթ միզելով պատերն ի վեր շըրջակա։
Ինչու չեկավ, ով Երկինք»։ Հորիզոնեն հեղակարծ
Արփվույն ճաճանչն անդրանիկ սլացավ ինկավ շողարծարծ