Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/76

Այս էջը սրբագրված է

350 Եվ գեղանի կիներուն, անոնց մարմնույն բյուր գանձին։
Փա՜ռք ձեզի միշտ ձիամարտեր, մկունդխաղեր շանթասլաց՝
Որոնց օդին մեջ շաչուն տեգերն հանկարծ բըռընկած՝
Կայծակներու խաղն եկան երկրիս վրա փոխադրել.
Վիշապասպան սուսերներ, ժանգոտելու անընդել,
355 Կառարշավներ փոշեմուղ, գուպարահաղթ ոգորներ
Շառափնաթափ տեգ տեգի, կումբ կումբի դեմ ոսկեհեռ
Փա՜ռք ձեզի միշտ, ո՜վ որսեր թըրթռուն ձայնով շեփորին,
Երբ լիճին քով վիրավոր կիյնա եղնիկն ողբագին,
Եվ վարազներ արդնահար կը թավալին մարգին վրա՝
360 Որոնց կողեն արյունն հորդ կըրակի պես կը մըխա։
Փա՜ռք ձեզի միշտ ավարներ, հափափումներ կիներու՝
Որոնք տըվին իրենց տարփն ու համբույրները աղու
Առյուծներու քաջության, և ո՜չ ոսկի հորթերուն,
Որոնց սիրտերն առավ լոկ սուրերու ծայրը փաղփուն։
365 Փա՜ռք ձեզի միշտ, ո՜վ դարեր ասպետական կենցաղին,
Ուր մարդիկ հզոր և անկեղծ Էին նըման գինիին։
Առաքինի քաջության տեղ նենգն այսօր կը տիրե.
Փոխան տեգին հոլանի՝ պատյանի մեջ դաշույնն է՝
Որ կը շողա մութի՜ն մեջ, կը ժանգոտի՜ արևին.
370 Ոճիրներն արդ խավարի լըռության մեջ կը դարբնվին
Մը խոտ ճրագի լույսին տակ ծըռած գունատ մարդերեն։
Երբ արեգակը նընջե՝ մեղքերն հայնժամ կը գործեն։
Չեն պաշտեր կնոջ մարմինին դաշըն ձևերն հըրահրուտ
Լոգցըված բյուր ջահերու շառայլներով հոսանուտ։
375 Կինը մարդուն միացնողը Աստղիկի սիրահոդ
Լուսեղ մատերը չե՜ն բնավ, այլ շանսըխուրը ցեխոտ։
Գեղեցկությունը ծընունդն Է Զորության հորձանքին՝
Ինչպես մարգրիտն օվկիանի անդունդներուն մոլեգին։
Բայց այսօր չե՜ն քանդակեր սուսերներով կորովի
380 Գեղեցկության սուրբ բագինն՝ ուր իգությանը խընկվի։