Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/79

Այս էջը սրբագրված է

Ահա տեգերն ուղղեր են միահամուռ կոկորդիս՝
Ուր համբույրիդ տաքությունը դեռ, ավա՜ղ, չէ պաղեր»։
440 Ըսավ։ Թաղեց ասպետին ծոցին մեջ գլուխն ոսկեհեր»։
Հա՞րկ էր արդյոք ճակատիլ, ո՛չ. պիտի կռիվն ունենար
Անհավասար հաղթանակ, թեև վըսեր մհավասար։
Ու Տըրդատես թոթվեց սանձն երիվարին հողմասլաց,
Երկրադըղորդ թընդաց դռույթն, փոշին ելավ, և սուրաց
445 Ու ըսկըսավ հալածումն հըսկաներուն սանձարձակ։
Ողողեց հարճը նորեն․ — «Ո՛վ իմ ասպետըս վրիժակ,
Ես կը տեսնեմ անութիդ տակեն զանոնք՝ որ կիջնեն
Որ լուրն ի վար, աչքերնին մեյ մեկ անդունդ լուսեղեն.
Հարյուր ձիեր կարկառեր են վիզերնին դեպի մեզ,
450 Որոնց շունչերը կելլեն պինչերնեն տաք մոխրի պես։
Օ՜, մտրակե՛, մտրակե՛, երբ բըռնեն զիս՝ վագրի նման
Պիտի կրծեն ոսկորներս, լակեն արյունըս լըման»։
— «Հեղեղին մեջ մազերուդ փակե աչքերդ, իմ Աղվոր,
Եվ կուրծքիս վրա քընացիր օրորումովն այս հըզոր.
455 Անոնք այստեղ չըհասած՝ մենք Շիրակ ենք գիրկ գըրկի»։
Ու լայնալանջ երիվարը մըտրակեց ուժգնակի:
Անցավ խորունկ փապերեն, հեղեղատեն մեձագոգ,
Ընկըղմեցավ խորն հովտին, ճեղքեց ավազն հրաբորբոք․
Եվ ուղղաբերձ, մեծաշունչ, համբարտակեց սարն հըսկա
460 Թավալելով հետքն ի վար ապառաժներ՝ որոնց վրա
Լուսնանըման կուռ պայտերն իրենց դըրոշմը դըրին․
Կատարներեն լեռներուն թըռավ նըման արծիվին՝
Ճապուռներուն մեջ որսն իր սեղմելով միշտ ավելի․
Ժայռերն ի վար խոյացավ ջըրվեժին պես փըրփրալի՝
465 Հորձանքին մեջ տանելով լերան ծաղիկ մը կարմիր
Եբրև դաշտին մեկ ընծան տըրված վիհին լայնադիր։
Ու մըտրակե՜ց, մըտրակե՜ց, երբոր հանկարծ լըսվեցան
Իր ետևեն սուլումները նետերու դավաճան։