Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/83

Այս էջը սրբագրված է

Մազերուն մեջ Բակարի նետն ըսպաննիչ, արյունն հիր՝
560 Օր հոսած է ծոծրակեն ժապավենի պես կարմիր։
Կընոջ մարմինը անշունչ գիրկը կիյնա ցըրտագին․
Կատաղություն ահավոր ասպետական խաբկանքին
Մազերն ամբողջ կը քըստմնին՝ երբ սիրտն անոր կը տեսնե
Տիեզերքի մը սըրտին նըման՝ զազրած տրոփելն,
565 Երբ կը խորհի թե կինն այդ մեկ թարթափին մեջ աչքին
Գեղեցկության հեթանոս ուներ գանձերը անգին,
Թե իր մարմինն Էր լոգցած երկնի շողովը անշեջ,
Մեղր ուներ իր թուշին տակ, լույս ուներ իր ծիծին մեջ,
Եվ իր ձեռքին ու ոտքին մատերուն ծայրն էր խըտացած
570 Տիեզերքն այս հարդարող ճարտարությունն առեղծված․
Եվ խորհեցավ վերջապես՝ սրահին մեջ Բակուրին
Աստվածացումն իր միսին, փոթորկումները պարին,
Եվ առջի հեղ ըլլալով ապառաժ մարդն այդ լացա՜վ․․․
— Ո՜վ պատրանքի արցունքներ հերոսներուն մեծ համբավ,
575 Որոնք երբեմըն սըրտի խորեն կհոսին տըխրամած
Հին օրերու հաղթության պըսակներուն վրա դեղնած։


Ե


Բարտի մը կար հինավուրց՝ զոր ձեռքերովն իր բարի
Իջևանին քով տընկեր էր Դիցանույշ մանտառի․
Սակայն այդ օրն ոստ առ ոստ ան կը չորնար տրտմորեն
580 Տերևներն իր դալկահար հողին վրա ողբալեն։
Ո՜վ գիտե ո՜ր մըրրկածուփ գիշերվան մեջ Արամազդ
Զարկեր պատռեր էր անոր սիրտն իր շանթով մեծասաստ․
Եվ գըլուխն իր գեղուղեշ որ կը հասներ արևին՝
Արդ սոսափներ չէր երգեր, կը նիզակվեր դեպ երկին։
585 Հո՜ն, ահա այդ բարտիին շուրջը եկան հավաքվիլ
Անտառաբնակ չորս քուրմեր հագած կընգուղ և ջանջիլ,