Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/89

Այս էջը սրբագրված է

Որ իրիկունն է հորիզոնե հորիզոն,
Կերիզանար գետերու պես հակինթի,
25 Կամ կը կազմեր, երկինքներուն վրա խաղաղ,
Անըրջական ավազաններ, որոնց մեջ
Կը բըռնկեին նունուֆարե կըղզյակներ։
Զայն ես տեսա՜ և հոգվույս մեջ արթընցավ
Պանդուխտի տենչ մը անորոշ և լըլկիչ
30 Դեպի գավառ մանծանոթ, լի արևով.
Եվ արդ կերթամ դեպի աղբյո՜ւրը լույսին.․․

Լույսն Է Մըտքիս հարսը, աղջիկն՝ Աստուծո՛
Ան գինին Է Տիեզերքի բերկրության,
Որ իրիկուն մը, կողեն դուրս Հիսուսին,
35 Հեղեղորեն հոսեցավ,
Ներումի պես հոսեցավ, վա՜րը, Մեղքին
Սեղանին շուրջը հավաքված մարդերուն
Անհուսության ըսկիհներուն մեջ դատարկ,
Լույսը արյո՜ւնն Է բնության,
40 Գիշերվան թագն, ու պատմուճանն է օրվան.
Աստվածային Ակնին է՝
Որ, երկունքի մեջ մեռած մոր մը նման,
Կը ստեղծե իր վախճանելու ժամանակ,
Ակնին՝ հրեղեն բիբերով.
45 Որուն հոգին ամեն գարուն կը տրոփի
Հյուլեին մեջ և մարդկային մըտածման,
Որուն համար զոհերով դեռ կը մըխան
Նըվիրական ափերը հորդ Գանգեսին։
Ու ես կերթամ դեպի աղբյո՜ւրը լույսին...

50 Լույսը մարմարն Է երկնային հանքերուն,
Որով Արվեստն, անմահական երազով,
Կը քանդակե ձյունամարմին աստվածներ։
Իր ծոցին մեջ կը ծընին
Մռայլ Տանդեներն ու Հոմերները հըսկա,
55 Իր ծոցին մեջ իմաստությունը երգ մ՛է՝
Զոր գիշերվան մեջ խորին