Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/90

Այս էջը սրբագրված է

Բանաստեղծները կը խըմեն աստղերեն՝
Որ նըվագեն ցերեկվան մեջ՝ Մարդերուն։
Ան ամենո՜ւն զինքը կու տա, ամենո՜ւն
60 Կը բաժնըվի, և կը մընա անբաժան
Նըշխարքին պես, ան նըշխարքն է՝ որ կիջնե
Ամեն առտու, սեղաններուն վըրա մեր,
Մարդեղության արյունլըվա խորհուրդին։
Ու ես կերթամ դեպի աղբյո՞ւրը լույսին...

65 Քանի՞ հազար, քանի՞ հազար տարիներ
Պետք Է որ ա՛յսպես քալեմ.
Քանի՞ անգամ պետք Է իյնամ, կարևեր,
Ճանապարհիս վրա բացված
Նըպատակիս ժայռափըշուր մուրճերով.
70 Չըգիտե՜մ ես. միայն թե, ո՞վ եղբայրներ,
Ո՜վ խաչ հանող եղբայրներ,
Թողուցեք զիս ճամբորդությանս մեջ մինակ,
Ա՜յնքան մինակ և ա՜յնքան լուռ, որ լըսեմ
Տրոփը սըրտիս, զոր ընտըրած նըվագս է
75 Նըվագներուն մեջեն բյուր.
Արևով լի և արևները տանող
Ուղիիս վրա մի՜ սըփռեք
Ձեր շուքը, մռայլ թեի մը պես ուրուրի։
Եվ ոչ ալ զիս կանչեցեք
80 Խընճույքներուն ձեր զըվարթ՝
Ուր բոզությունը կը զարնե նվագարան։
Ընդունայն է խոստանալ
Սըրտիս կայսեր, սիրտըս սափորն է դատարկ,
Ու ես կերթամ դեպի աղբյո՞ւրը Լույսին։