Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/92

Այս էջը սրբագրված է

Փըշյա պըսակ մը խըրված մինչև ըղեղս արյունլվա։
Դուն որ օր մը, ո՜վ Հընդիկ, բռնված ցավեն հանճարիդ
25 Ծովակին մեջ Մոտայի, բուրումներով առլըցուն,
Անհայտանալ ուզեցիր բուստերուն տակ լուսաշիթ,
Բնավ երբեք չըտեսար՝ թե ինչպես շուրջըդ փարթամ
Կը ծիծաղեր բընությունն, աքասիաներն եզերքին
Կը ձյունեին ծաղիկներ անդունդներուն վրա ծըռած.
30 Ծիծառը դուն չըլսեցիր՝ թևն ալիքին թաթխելով՝
Երբ տարփագին կը կանչեր քեզ վիհերու թովչանքեն
Արևուն տակ փայլակող աստվածային խընճույքին.
Չըխորհեցար դուն բընավ՝ թե կարժե՛ կյանքը ապրիլ,
Կարժե նայիլ աստղերուն, և մըտածել Աստուծո,
35 Կարժե՜ տալ սիրտ մը քնարին, ու հետո զայն կըտակել
Անմահական դարերու քանի մը պարզ թըրթռումով։
Այսպես ալ, ո՜վ Եղիա, կըրնաս դուն լավ հասկընալ
Թե, ա՜հ, Ո՜րքան ահեղ Է անցնիլ կյանքի գարունեն՝
Եվ միմիայն աչքերու մեջ արտասուք ունենալ,
40 Քղանցքըդ քըսել վարդերու, ճակատդ հըպել դափնիի,
Եվ հուսկ վերքերը կըրել եղիճներուն դավադիր։
Քեզի պես ես ալ նըստա ծովակներու ափունքին,
Կամ նավեցի լըճին վրա բուրումնավետ իրիկունն,
Բայց դեռ շըմպած անդորրանքն՝ անդունդը ես լափեցի,
45 Եվ մաղթեցի որ մակույկն իսկույն դագաղըս ըլլար
Եվ բըռնաշունչ մըրըրկե մ՝անծանոթին ծոցն հասներ։
Սակայն կարժեր դեռ ապրի՜լ... ու փորձեցի ես սիրել,
Սըրտիս տրոփյունն զգալու համար՝ կուրծքի մը փարիլ։
Դուն չըրի՞ր նույնն, Եղիա՛, երբ հընդիկի փոստիդ վրա
50 Կու գար Նըստիլ Սըրբուհին և դրած գըլուխը ծունկիդ
Մըրըրկաշունչ նըվագներդ հրեշտակի պես կ՝ունկնդրեր․
Երբ դուն բուի աչքերով կը կարդայիր Ռիկ-Վետան՝
Անշուշտ գըտար իր գըլխիկը ավելի շնորհագեղ
Քան թե լուտասը ծաղկած Մայայի լույս ծոցին մեջ.
55 Ու երբ մազերն հորդառատ ջրվեժի պես թափեցան