Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/95

Այս էջը սրբագրված է

Որ ըսավ. — «Գնա՜ թափառիլ քակորներուն մեջ փըտած.
Գարունն ի՛նչ փույթ, երբ չըլլար սիրտըդ ծիծառը անոր։
120 Վարդերն ի՛նչ փույթ, երբ միայն կրնան վերքերդ հիշեցնել․
Գընա՛, անշուշտ կը գտնես փոս մը փորված ու պատրաստ,
Եվ հողը վրադ լեցնելու ո՞ր կինը բնավ չի փութար։
Մահվա՜ն համար մենք կ՝ապրինք, բայց ա՛ն Է լոկ երջանիկ,
Որ մահվան որս կը տանի ավելի՜ նվազ գարուններ»։
125 Ես այդ ձայնին ունկընդիր շիրիմներուն փութացի,
Բայց ատարկ փոս չըգըտա՝ որ խոնջ գըլուխըս թաղեմ․
Նահատակները զանոնք Էին բոլոր լեցուցած։
Գուցե ես վա՜տ մըն Էի. ուզած Էի սոսկ ապրիլ
Սըրտի՜ս համար սեփական, զայն լեցընել բերկրանքով
130 Երբ ան արդեն ճաթա՜ծ էր արցունքներուս կըրակով՝
Թերևըս զիս ուրիշի՜ն համար բախտն էր սահմանած,
Եվ իմ կյանքիս նըպատակն էր ուրիշ կյանք մը գուցե։
Ու ես խաչիս վըրայեն խաչված Մարդուն նայեցա.
Ինչպես դուն ինքըդ ըրիր, բազմաչարչա՜ր Տեսանող,
135 Երբ զոհի պես, Մեշճիդիդ չորս պատերուն մեջ կանգուն,
Հոսեցուցիր բամբռահար աստեղնահուպ մատերեդ
Սըրտիդ երգերն — ի՞նչ կիսեմ — սըրտիդ ծովերը՝ բոլոր
Եղբայրներուդ ճակատին շըղթայի տակ ողջակեզ։
Եվ որպեսզի կըտակես սերունդներուն ապագա
140 Վըշտախոս քնար մը թըրթռուն՝ սարսուռին պես մըրրկին՝
Զայն հանճարեղ իսկ առաջ վըհատությամբդ օծեցիր։
Անհույսներուն անոր հունչն արդ քույր մըն Է ըսփոփիչ.
Ոմանք անով կամոքվին, կօրինակեն ոմանք զայն.
Բայց ա՜ն միայն կը զորե երգը երգիդ դաշնակցել
145 Ո՜վ որ կըզգա թե սիրտն իր Տիեզերքին առանցքն Է,