Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/96

Այս էջը սրբագրված է

Եվ արյունլվա գըլուխն իր Նիրվանային կը դըպչի։
Նըվիրվի՜լ պետք էր ինծի. ու ես տեսա այն ատեն
Իմ վերքերես ավելի՜ խորունկ վերքեր ու ցավեր․
Կը մորթեին ժողովուրդ մոր առած մուրճը ձեռքին՝
150 Սա կավեղեն գարուն վրա կը կերտեր դարը մարմար։
Այն ժամանակ վհատ հոգիս կայծակներով պընդացավ․
Ու լեցվեցավ ամբուռքով դատարկությունը սըրտիս.
Կամքս նվաճված իմ ցավով՝ կազդուրեց ցավն ուրիշին։
Ժողովուրդ մ՛ես ըզգացի՝ որ լանջքիս տակ կը տրոփեր․
155 Աստված մը, ո՜հ, եկած էր քաոսիս մեջ բընակիլ,
Եվ խորն հնոցիս՝ որ դատարկ էր Սերերին եսապաշտ՝
Նետեց անմահ Գաղափարն, ոսկեփըրփուր եռեփեց.
Ա՜լ հոն էի՝ ուր մըրոտ խըրճթթներուն մեջ մարդիկ
Կանիծեն լույսը վաղվան՝ որ պիտի հանկարծ սառի
160 Իրենց քաղցեն նըվաղկոտ բիբերուն մեջ մահաբաղձ.
Այն տե՜ղ էի՝ ուր բանվոր բազուկներ հանք կը պեղեն.
Կը բանան ծոցն ոսկիին, և չարադեպ վըտանգով
Գերեզմաննին կը գըտնեն, ունենալով զերդ պատանք.
Պատառ պատառ շապիկնին պանդըխտորեն քըրտնաթոր,
165 Այնտե՜ղ էի՝ ուր բախտին խորթ զավակները համուռ՝
Ապրելու մեծ ու արդար իրավունքին ի խընդիր՝
Բըռընկցուցին կատարներն ոստաններուն ցասումո՜վ։
Փողոցներեն գրոհն իրենց՝ եղավ արշավն ամպրոպին՝
Որուն ճակտին ճայթեցավ խոսքըս նըման կայծակի.
170 Հառաջ մըղեց կամ զըսպեց, մըխիթարեց կամ սաստեց,
Եվ ամբոխին արգանդեն ճառայթներ պոռթկացուց։
Օ՜, խրոխտ զարկերը Եսիս միլեոններու սըրտին մեջ․
Օ՜, շանթակուռ բազուկս իմ որ կըրակներ տեղացուր
Ծովածավալ մարգերու գըլուխներուն վրա՝ ամբարձ․
175 Օ՜, խոյացումըս վարազ՝ ամբոխներուն ուսին վրա․
Ես Ժողովուրդը հեծա նըման ձիու մամեհի,
Եվ լուսաղբյուր բիբերս իմ Նպատակին սևեռուն
Մըրըրկավար քըշեցի զայն գահերուն վըրայեն.
Մերթ խոցեցի խթաններովս հըրաբորբոք կողերն իր,