Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/97

Այս էջը սրբագրված է

180 Մերթ մատերովըս քընքուշ բաշերուն ուղխն օծեցի
Մըտրակիս տակ ծառացած՝ երեք տարի ան վարգեց
Օրենքներուն բըռնակալ ավերակին ընդմեջեն.
Երեք տարի գանկերուն մեջ պայտերն իր թաթախեց,
Եվ արյունի խոշյունով լանջքին այրիլն ան ըզգաց։
185 Բայց օր մալ խեթ եղավ ձին և խարազանըս խոտեց,
Ու տակավին Փըրկության կատարին վրա ադամանդ
Վըրընջյունն իր չարձակած՝ ահիպարան ոստումով
Զիս վար նետեց գավակեն, ժայռին դեմ կողքս պատռեց։
Եվ ահա, ո՜վ Եղիա, Նիրվանայիղ դըրան դեմ
190 Արշավանքիս արյունն է՝ զոր ճակատս իմ կը դրոշմե։
Ազատության սահմանված ազգը մընաց անմըտրակ.
Ծառացումին մեջ հոգնած, ընտրեց սողալը անարգ
Եվ որպեսզի ավելի ըստըրկության մեջ հեղգա՜
Օձի շապիկն ըզգեցավ, խըլուրդին խուղը մըտավ.
195 «Ոչ փույթ, — ըսավ, — իմ կարթերս ապաժուժի մեջ թաթխել
Հավագույն է տերերուս հըղփանքին սայլը քաշեմ.
— Սայլ ո՜չ անբիծ մարմարով, ոսկի աղբով բեռցըված —
Ի՜նչ փույթ, —ըսավ, — արևուն տակ քըրտընիլը ազատ,
Ոտքիս շըղթան արգելք չէ՝ որ ես երբեմըն վերցնեմ
200 Գանգուրներուն վրա բոզիս գինվո բաժակըս փըրփրուն»։
Ու, Եղիա՜, օր մը ես աստվածային հպարտությամբ
Նախատինքիս եղիճով բաժակը այդ պսակեցի։
Վարժ չեղավ ձեռքս սեղմել ձեռքն՝ որ տըրմուղ զենքերու
Ժանգոտ դըրոշմը կըրեց շըղթաներուն կամակիր։
205 Լա՜վ էր զայրույթն ամբոխին, տոնախըմբելը՝ վատթա՜ր.
Ու շանթերես վերջ ժըպիտս անոր դեմքին չըցաթեց։
Եվ երբ անոնք իմ փառքիս համար դափնի հյուսեցին՝
Ես քամակիս ապառաժն անոնց շընթման դարձուցած՝
Հեռացա, հյուղըս մըտա, մարեցի հույսըս վերջին