Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/133

Այս էջը սրբագրված է

կենտրոնանա դիվանագիտական կապերի և բանակցությունների վրա, մենք գտնում ենք միանգամայն սխալ և վտանգավոր քայլ մինիստրության մեկնելը Երևան։


Մյուս կողմից՝ մեզ թվում է, որ պարոն Հ. Քաջազնունու մինիստրության Երևան ճանապարհորդելու ձևը՝ Ադրբեջանի օգնությամբ, ճանապարհների անապահովության պատճառով պիտի վարկաբեկի հենց առաջին քայլից այդ կառավարությանը, վայր ձգի նրա պրեստիժը[1] մեր հարևանների և դրսի ուժերի աչքում։


Այդ պատճառով մենք պնդում ենք, որ ավելի նպատակահարմար կլիներ, որ մինչև հաղորդակցությունների վերականգնելը Երևանի և արտաքին աշխարհի ու Անդրկովկասի ուրիշ կենտրոնների հետ, մինիստրությունը մնար այստեղ՝ աշխատելով այստեղից, որով ավելի հնարավոր է բավարարություն տալ Հայկական Հանրապետության ֆինանսական, տնտեսական ու պարենավորման պահանջներին և, կապ պահպանելով ուրիշ պետությունների հետ, որն անհնարին է Երևանի ներկա պայմաններում։ Իսկ տեղում այդ կառավարությունը կարող է վարել հերթական գործերը տեղական մարմինների՝ հենց թեկուզ Երևանի ազգային խորհրդի միջոցով։


Ինչ վերաբերում է Հայոց ազգային խորհրդի Երևան մեկնելուն, մենք, բացի այն ամենից, ինչ արդեն ասեցինք կառավարության վերաբերյալ, ենթադրում ենք, որ Հայոց ազգային խորհրդի Թիֆլիսից հեռանալը պիտի լինի, համենայն դեպս, ժամանակավոր։ Հայոց ազգային խորհուրդը ներկայացնում է ամբողջ Ռուսաստանի հայությունը և արտահայտությունն է այն նշանավոր փաստի, թե հայությունը չի սահմանափակվում այն փոքրիկ հանրապետությունով, որ ստեղծվել է հայ ազգի կրած պատերազմական անհաջողության պատճառով, թե հայությունը ունի շատ խոշոր քաղաքական, տնտեսական ու կուլտուրական շահեր այդ սահմաններից դուրս, որոնք պիտի պաշտպանություն գտնեն մի հիմնարկաթյան կողմից, որպիսին է Հայոց ազգային խորհուրդը։

  1. Հեղինակություն։