Ա. Երզնկյան. Կառավարությունն անհրաժեշտ է նաև պետական գույքը բաժանելու համար։ Ազգային խորհուրդը պետք է օրենսդրական մարմին դառնա, որը և կստեղծի իր կառավարությունը։ Այդ բանը կարելի է անել վաղվանից և մեր պատվիրակները կերթան և նրա անունից կբանակցեն։
Տ. Բեկզաղյան. Կառավարությունը պետք է կազմել <Սեյմի>
փլուզումից հետո <օտարների հետ> հարաբերությունները մշակելու և
երկիրը վարելու համար։ Բայց տարօրինակ է նմանության այն տենչը,
որին հետևում ենք։ Վրացիք պատրաստի ապարատ ունեն։ Մենք անկախ Հայաստան ենք հայտարարում, բայց ինչ է նրա բովանդակությունը,
անհայտ է։ Ինչ մարմնի անունից Էլ գնան մեր պատվիրակները,
թուրքերը կընդունեն, ինչպես և արդեն ասել են։ Շրջահայաց լինենք՝
Ազգային խորհուրդը հայտարարենք կառավարություն՝ առանց անկախություն հռչակելու։ Մեր արտաքին գործոց վարիչը կարող է բանակցել՝ բայց
ոչ անկախ Հայաստանի անունից։
Ղ. Տեր-Ղացարյան. Այդ բոլորը ձևականություններ են՝ մի
ձևական ակտ կատարելու համար։ Պարզ է, որ Հայաստանի կառավարություն <պետք է> լինի ընտրված Ազգային խորհրդի կողմից։
Մ. Բունիաթյան. Որքան էլ փոքր լինի մեր հողը, բայց և այնպես
պետք է ասենք՝ կամ անկախ ենք և կամ (Ռուսաստանի մի մասը։ Լոսովին
և Խալիլ բեյին[1] տված թղթերով արդեն ասել ենք, որ Ազգային
խորհուրդը գերագույն մարմին է։ Բայց այդ Խորհրդի կողքին պետք է
մի մարմին լինի, որ վավերացնի դաշնագրերը։ 2-3 շաբաթում պետք է
այդ մարմինը ստեղծենք։
Նախագահի առաջարկով որոշվում է պատվիրակություն ընտրել,
իսկ վաղը որոշել, թե ում անունից ուղարկել՝ Ազգային խորհրդի, թե
կառավարության անունից։
Ընտրվում են՝ Ալ. Խատիսյանը, Մ. Պապաջանյանը, Հ. Քաջազնունին։
ՈՐՈՇՈՒՄ. Որոշվում է այս մասին շիֆրով հայտնել Թ. Նազարբեկովին
այն պայմանով, որ գաղտնի պահի ուլտիմատումի վերջնական
ստորագրումը։
- ↑ Խալիլն անդրկովկասյան պատվիրակների հետ Բաթումում բանակցություններ վարող օսմանյան պատվիրակության ղեկավարն էր։