Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/189

Այս էջը սրբագրված է

Թիֆլիսից մեզ ուղեկցում էին երկու գերմանացի երիտասարդ սպաներ, որոնք գեներալ ֆոն Կրեսսի ներկայացուցիչները պիտի լինեին հայկական կառավարության քովը և մի տաճիկ սպա, որը Վեհիբ փաշայի մարդն էր։


Մեր ինքնաշարժերի գլխին ծածանվում էր տաճկական դրոշակը։ Նույն օրը կեսօրին հասանք Քարվանսարա հայկական մեծ գյուղը և, շարունակելով մեր ճանապարհը, երեկոյան Դիլիջան հասանք։


Դեռևս Թիֆլիսում ընտրված էր վարչապետը, որը և հրավիրեց նախարարներին։ Դաշնակցական մարմինների խառը ժողովում երկու թեկնածուներ առաջարկվեցին՝ Հ. Քաջազնունին և Ալ. Խատիսյանը։ Վերջինը հրաժարվեց և ընտրվեց Հ. Քաջազնունին։


Այդ մարմինների ժողովում որոշվեց կազմել նաև խառը կառավարություն։ Սակայն այդ անհնար եղավ իրագործել, որովհետև ժողովրրդականները պահանջեցին վարչապետությունը և իբրև թեկնածու մատնանշեցին Մ. Պապաջանյանին։


Նրանք պնդում էին, որ տաճիկները, վստահություն չունենալով Հ. Յ. Դաշնակցության հանդեպ, նոր դժվարություններ կհարուցեն հայկական անդրանիկ կառավարության դեմ և, ո՞վ գիտե, ինչով կվերջանա Բաթումի դաշնագիրը։


Բայց Ազգային խորհուրդը մեծամասնությամբ վարչապետ ընտրեց Հ. Քաջազնունան՝ իբրև մի մարդու, որն արդեն բանակցել էր տաճիկների հետ և սրանց համակրանքը շահել։


Հ. Քաջազնունին արտաքին գործոց նախարարի պաշտոնն առաջարկեց Մ. Պապաջանյանին, բայց սա կտրականապես մերժեց այդ։ Նույնպես հրաժարվեց նախարարի պաշտոն ստանձնելուց ժողովրդական Ս. Հարությունյանը։ Այդ պատճառով էլ Հ. Քաջազնունին ստիպված եղավ կազմել միատարր կառավարություն՝ հանձնելով զինվորական նախարարի պաշտոնը զորավար Հ. Հախվերդյանին, որը չեզոք էր։ Ֆինանսների նախարար եղավ Խ. Կարճիկյանը, ներքին գործոց Արամը և արտաքին գործերի՝ Ալ. Խատիսյանը։ Վերջինս, ընկերանալով Ա. Ահարոնյանին և Մ. Պապաջանյանին, մեկնեց Կ. Պոլիս շարունակելու համար բանակցությունները Տաճկաստանի