ծեց Հայոց ազգային խորհրդի շուրջը, որ վերջինս որոշեց ինչ գնով ուզում է լինի մեկնել Թիֆլիսից, մանավանդ որ թուրքերը, տիրանալով Ալեքսանդրապոլ-Ջուլֆա երկաթուղուն, հուլիսի 10-ից ի վեր դադարեցրել էին իրենց հարձակումները հայերի դեմ։
Այս առթիվ վրացական կառավարությունը հանդես բերեց իր
իսկական վերաբերմունքը դեպի հարևան պետությունն ու նրա իշխանությունը։
Մեկնումը տեղի պիտի ունենար հուլիսի 17-ին և այդ մասին
պաշտոնական կարգով վաղօրոք հայտնվել էր վրացական կառավարությանը։ Քաղաքավարության կանոնները հարգած լինելու համար
Հայոց ազգային խորհրդի և կառավարության ներկայացուցիչները
նախորդ օրը գնացել էին հրաժեշտ առնելու[1] Ն. ժորդանիայից և իր պաշտոնակիցներից։
Սակայն, չնայած այս ամենին, երբ ես[2] որոշված ժամին կայարան հասա մեկնողներին ողջերթ մաղթելու համար, հանդիսատես
եղա հետևյալ տեսարանին։ Հայոց ազգային խորհրդի և կառավարության ներկայացուցիչները նստած էին կայարանի մայթի հասարակ
նստարանների վրա և սպասում էին, թե երբ պետք է գնացք տան։ Կայարանի «արքայական սենյակները», որոնք լայնորեն բացվում էին
ամեն մի թուրք կամ գերմանացի «հյուրի» համար, փակված էին Հայաստանի գերագույն իշխանության առջև։ Մոտ երկու ժամ մեզ այդ
վիճակում սպասել տալուց հետո մայթի առաջ կանգնեց այն գնացքը,
որը պետք է Հայաստանի իշխանավորներին Աղստաֆա հասցներ։ Երկու
թե երեք խարխլված, փոշու և կեղտի մեջ կորած վագոններ էր ներկայացնում
այդ գնացքը։ Իմ դիտողությանը, թե միթե՞ Վրաստանի երկաթուղու
վարչությունն ավելի հարմար վագոններ չէր կարող տրամադրել
հարևան երկրի կառավարության համար, կայարանապետը
կարկամելով պատասխանեց, թե բոլոր լավ վագոնները ռուսները և
թուրքերը խլել են վրացիներից ... Ըստ երևույթին նա «տեղեկություն
չուներ» այն փառահեղ սալոն-վագոնների մասին, որոնցով երթևեկում