էին թուրք և գերմանացի պաշտոնյաները Բաթումից Թիֆլիս և Թիիֆլիսից Ջուլֆա։ Հ. Քաջազնունին արգելք հանդիսացավ, որ ես հեռախոսով ամենքիս վրդովմունքը հայտնեի վրացական կառավարությանն այս անարգական վերաբերմունքի համար, և մենք բավականացանք խնդրելով կայարանապետին, որ սրբել տա վագոնները։ Վերջին պահին մի նոր դժվարության ծագեց մեկնողների առջև։ Կայարանի ոստիկանությունը չէր թույլատրում գնացքի վրա բարձել Հայոց ազգային խորհրդի ինքնաշարժ կառքերը, որոնցով մեկնողները պետք է շարունակեին իրենց ճանապարհը Աղստաֆայից Երևան։ “Das ist gemein, das ist Schweinerei"[1], - բացականչում էր իրեն կորցրած գերմանացի սպա Այզենմանը, որը զորավար ֆոն Կրեսսի կարգադրությամբ պիտի ուղեկցեր կառավարությանը Երևան։ Անգամ թուրք սպան, որը նույն հանձնարարությունն ուներ Վեհիբ փաշայից, խոսք չէր գտնում իր վրդովմունքն արտահայտելու համար ... Վերջապես, հեռախոսային և անձնական բանակցություններից հետո, կարելի եղավ վերացնել այս արգելքը և գնացքը մեկնեց Թիֆլիսից։ Սահմանագլխին մի նոր անակնկալ էր սպասում մեկնողներին։ Վրացական մաքսատան պաշտոնյաները չէին ուզում առանց խուզարկության բաց թողնել գնացքը։ Եվ, անկասկած, Հայաստանի կառավարությունը վրացական պաշտոնյաների կողմից խուզարկվելու անարգանքին ես կենթարկվեր, եթե նրան ուղեկցող գերմանացի սպաները դրա առաջը չառնեին ...
Վրացական կառավարության այս վերաբերմունքը դեպի
հարևան երկրի կառավարությունը ժամանակին լայնորեն արծարծվեց
Թիֆլիսի թերթերում։ Չգիտենք՝ վրացական կառավարությունն ինքն
իր առաջ կարմրեց իր վարմունքից, թե չէ, բայց գիտենք, որ նա հարկ
չհամարեց որևէ ձևով բացատրելու այս այլանդակ դեպքը կամ ցավ
հայտնելու նրա առթիվ։ Հայաստանի կառավարությունն այդ ժամանակ
շատ էր թույլ, որպեսզի նրան հասցրած վիրավորանքը որևէ մտահոգություն պատճառեր վրացական կառավարությանը ...<...>
«Հայրենիք» ամս. (Բոստոն), 1928, սեպտեմբեր, էջ 118-120։
- ↑ «Սա ստորություն է. սա խոզության է» (ամս. ծան.)։