Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/26

Այս էջը սրբագրված է

որի մեջ պետք է մտնեն հայկական գավառները։ Ճիշտ է՝ մահմեդականները[1] հայտնում են, որ իրենց մայրաքաղաքը պետք է Գանձակը լինի, բայց, տարածված լուրերի համաձայն, ո՛չ մահմեդականների կառավարությունը, որի պետը Ֆ. Խան-Խոյսկին է և ո՛չ էլ Հայոց ազգային խորհուրդը, որն իրեն Արարատյան հանրապետության կառավարություն է հայտարարել, Թիֆլիսից դուրս չեն գնացել։ Իսկ այս բանն անընդունելի է և մեր թարմ հանրապետությանն անհարմար դրության մեջ է ձգում։ Յուրաքանչյուր պետություն երկու-երեք գլխավոր տարրով է բնորոշվում։ Դրանք են՝ ժողովուրդ, տերիտորիա և կառավարություն։ Այդ պատճառով անկարելի է, որ որևէ պետության մեջ, նրա տերիտորիայի վրա գոյություն ունենա երկու կառավարություն։ Յուրաքանչյուր կառավարություն իր սեփական տերիտորիայի վրա է իրականացնում իր պարտականությունները։


Մենք չենք կարող ընդունել, որ նույնիսկ մի վայրկյան մեր տերիտորիայի վրա գտնվի ուրիշ պետության կառավարությունը։ Դրա համար չի կարող գոյության ունենալ ոչ մի արդարացուցիչ ապացույց ու պատճառ։ Այս պարզ ճշմարտությունը լավ են հասկանում նրանք, որոնք իրենց ուրիշ պետության կառավարության անդամներ են համարում, սակայն դեռևս շարունակում են մնալ մեր հողի վրա։ Ուստի, պետք է անհապաղ ձեռք առնվեն անհրաժեշտ միջոցներ և վերջ դրվի այսպիսի ոչ բնական երևույթին, եթե նա իրոք տեղի ունի։


Բացի դրանից, անհրաժեշտ է, որ մեր Ազգային խորհուրդն անհապաղ ձեռք զարկի Վրաստանի տերիտորիայի սահմանները որոշելուն։ Ճիշտ է՝ մեզ այդ սահմանները հայտնի են, բայց որպեսզի մեր հարևանները սխալներ չգործեն, մենք պետք է հատկապես նշանակենք այն սահմանները, որոնց մենք առանց կռվի ոչ-ոքի չենք զիջի։


Հանրապետության ժամանակավոր կառավարությունը պետք է անհապաղ պետք եղած քայլն անի և Վրաստանի գերագույն իրավունքները պաշտպանի։

«Հորիզոն», 5 հունիսի 1918 թ., № 107

  1. Այսինքն՝ ադրբեջանցիները։