Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/29

Այս էջը սրբագրված է

№12

Հայոց ազգային խորհրդի նամակը

Երևանի ազգային խորհրդին

2 հունիսի 1918 թ.


<...> Դաշնագրի[1] բնագիրը կամ պատճենը ստացած չենք։ Մեր պատվիրակները հավանորեն այս երկու օրս կգան և կբերեն հետները <դաշնագիրը>։ Այն ժամանակ պատճենը հանելով կուղարկենք. գուցե ճանապարհները բացվեն և ինքներս գանք։ <Հայոց> ազգային խորհուրդն այս երկու օրը հայտարարելու է Հայաստանի Հանրապետության անկախությունը։ Դա մի պահանջ է, որին պիտի գոհացում տանք մեր ստորագրած դաշնագրին քաղաքական արժեք տալու համար։ Հայտնել ենք Վրաց կառավարությանը, որ Հայոց կառավարությունը կազմելուց <հետո> Ազգային խորհուրդը մեկնելու է Երևան։ Վրացիները պահանջեցին անմիջապես պալատից[2] հեռանալ, մենք հեռացանք՝ նախքան մեզանից պահանջեին, թուրքերը համառեցին, բայց այսօր նրանց պարզապես վռնդել են։ Հայ և թուրք Ազգային խորհուրդները մի-մի պատվիրակ են տվել բոլոր մինիստրությունների մեջ՝ պետական գույքը բաժանելու համար, ինչպես և նոր կտրվող դրամը։ Հայ և թուրք պատվիրակները միասին ժոդովներ են ունենում՝ մի ընդհանուր վարմունքի գիծ ունենալու այս խնդրում, քանի որ երկուսի շահերն էլ ընդհանուր են։ Ռուսաստանի հեռանալով և Վրաստանի անջատվելով՝ հայերն ու թուրքերը կարծես մենակ մնալով մոտենալ են փորձում իրար։ Գուցե այս ճանապարհը մեզ ավելի նպաստավոր լինի և թուրքերի շնորհիվ հաջողվի մեզ տաճիկների վայրագությունը մեղմել և ապահովել հայ տարրի ֆիզիկական գոյությանը։


Շատերս կարծում ենք, որ մեր հարևան մահմեդականների հետ բարեկամական հարաբերություն մշակելով, անկեղծորեն ավելի հավատարիմ դաշնակիցներ գուցե չունենանք, քան եղան վրացիները։

  1. Խոսքը Բաթամում 1918 թ. հունիսի 1-ին նախաստորագրված պայմանագրի մասին է։
  2. Խոսքը նախկին փոխարքայական պալատի մասին է, որը հանդիսանում էր Անդրկովկասի Դաշնային Հանրապետության ղեկավարության կենտրոնատեղին։