Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/38

Այս էջը սրբագրված է

Է մի աննորմալ, անհեթեթ, այլասեռ օրգանիզմի, որի բուն մարմինն ու վերջավորությունները և նյարդային կենտրոնը՝ արեգը, «ապրել» են իրարից համարյա բաժան, տարբեր միջավայրերում։ Բուն ժողովուրդն ապրել է իր բնաշխարհում, իսկ նրա ղեկավար, նրա սոցիալ-քաղաքական կյանքի օրենսդիր ու գործադիր մարմինները, մտավոր ու քաղաքական կենտրոնը գտնվել է խորթ ու հեռու շրջանում։


Եվ, բնականաբար, այս աննորմալ պայմաններում, այս ապակենտրոն քաղաքական շրջանում հայ ժողովրդի կյանքը վատ է օրենսդրվել ու ղեկավարվել։ Զուրկ լինելով քաղաքական ծանրության կենտրոնից՝ մեր դեմոկրատիայի քաղաքական մտքի ու ձգտումների արտահայտիչները չեն կարողացել հարկավոր թափով ու ջերմությամբ իրենց ազդեցությունը տարածել դեպի նրա կյանքի շրջագծի բոլոր կետերը։


Եվ այս հայրենախույս ու ժողովրդագերծ կացությանը, թերևս, մեր ողբերգության հիմնական պատճառներից մեկը պետք է համարել։ Պարզ՝ Թիֆլիսը շատ էր հեռու, շատ էր խորթ, շատ անիրազեկ մեր բնաշխարհի ցավերին ու կարիքներին, որպեսզի կարողանար հարկավոր չափով հայրենաղեկ ու ժողովրդաճանաչ լինել, բավարար չափով ազդել մեր բնաշխարհի վրա և իսկական հայկական՝ դեմոկրատական քաղաքականություն վարել։ Հայրենախույս ու ժողովրդամերժ Թիֆլիսն ունեցավ ամեն տեսակի օրիենտացիա, բացի հայկական օրիենտացիայից։ Հակառակ ղեկավար մարմինների ինքնասիրահար նացիոնալիզմի նրանց քաղաքական թե պատերազմական քաղաքականությունն ամեն տեսակետ ուներ, բացի Հայկական բարձրավանդակին բնահարազատ «հայկական տեսակետից»։ «Թիֆլիսյան» քաղաքական ծրագրերը շատ բաներով չէին համապատասխանում մեր բնաշխարհի ու ժողովրդի ռեալ ուժերին ու ձգտումներին։ «Թիֆլիսը» մեր մտավոր ու քաղաքական կենտրոնը, մեր ժողովրդի «մսից և արյունից» չէր։


Կարճ՝ Թիֆլիսը սպանեց Հայաստանը, Թիֆլիսը խորտակեց Կարսն ու Ալեքսանդրապոլը ...


Ահա այս աննորմար այս կորստաբեր կացությանը պետք է օր առաջ վերջ տալ։ Պետք է գեթ այժմ դառնալ դեպի որբացած ու ջախ–