Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/5

Այս էջը սրբագրված է

կառակ լինեմ դրան։ Իսկ այդ անելու են Ազգային խորհուրդն ու պատասխանատու կուսակցությունները։


Մեզ համար ոչ մի կառավարություն չստեղծել առայժմ։ Մինչև այժմ ակամա ենք ընթացել, այսուհետև կամովին սխալներ չանենք, լռելյայն թողնել այս դրությանը, որ հիմք է տալիս Ռուսաստանին միջամտելու՝ իբրև իր երկիրը։ Իսկ Ռուսաստանի աջակցությանը դիմի ոչ <թե> Ազգային խորհուրդը, այլ այն կուսակցությունները, որոնք չեն ընդունում այս գիծը։


ժամանակավորապես թողնել Ազգային խորհուրդը հայ ժողովրդի վերաբերյալ գործերը վարելու։ Ապա որոշել, թե հայ զորքն ի՞նչ անել, ու՞ր տեղափոխել՝ <գուցե> և մի մասը Ռուսաստան, մյուս մասը՝ գավառ։ Անկախ Վրաստանը, ավելի քան առաջ, կաջակցի մեզ։


Մ. Բունիաթյանն առարկում է Ղ. Տեր-Ղազարյանին. վտանգավոր է բոլշևիկական քաղաքականություն վարել, որը սաստիկ կգրգռի թե տաճիկներին և թե գերմանացիներին։ Միակ փրկությունը տեղական թուրքերի հետ բարեկամաբար վարվելն է, աստի պետք է Մուսավաթի հետ համաձայնության գալ։


Մեր անելիքի մասին խոսելն առայժմ վաղաժամ է։ Թողնել Ազգային խորհուրդը մինչև դրությունը պարզվելը։


Ա. Երզնկյան. Ադրբեջանի մեջ մտնելուն չէր առարկի, եթե տաճիկները չգրավեին նրան։ Անպատճառ գրավելու են և արդեն գրավել են Գանձակը, Բորչալուն։ Այսպիսի հանգամանքներում տաճկահպատակ լինել չի կարելի՝ նրանք այստեղ էլ նույնն են անելու, ինչ որ Թարքիայում։ Իմ ստացած տեղեկություններից ու տպավորություններից հավանական է երկու ելք՝ տաճկական և գերմանական սֆերա։ Ո՞րն է մեզ ձեռնտու։ Որքան շատ լինի գերմանական սֆերան, այնքան լավ, իսկ այդ լինելու է Վրաստանի մեջ՝ թեկուզ Ղազախը, Փամբակը <նրանց զիջելով>։ Դրանով նախ՝ հայերի թիվը կշատանա Վրասաանում և երկրորդ, որ կարևոր է, կապահովվի նրանց գոյությունը Գերմանիայի հովանիի տակ։ Իսկ Ռուսաստանում աշխատել են բոլշևիկների միջոցով և ոչ <թե> Սեպուհների, Մուրադների հայկական առանձին զորամասեր կազմել, այլ ռուսական զորքերի մեջ մտցնել նրանց, որ ուզում են կռվին մասնակցել։