Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/107

Այս էջը սրբագրված է

Հողի մակերեսի ջերմաստիճանը գարնանը կազմում է 6,0, ամռանը՝ 19.0, ձմռանը՝֊6,0 աստիճան։ Սառնամանիքի ժամանակաշրջանի տևողությունը հասնում է 150 օրվա։

Մթնոլորտային տեղումների տարեկան միջին քանակությունը կազմում է 534 մմ, դրա մեծ մասը տեղում է գարնան և աշնան ամիսներին։

Ձյունածածկ օրերի թիվը հասնում է 125 օրվա, իսկ ձյունածածկի հաստությունը՝ 22 սմ։

Գարնանային վերջին ցրտահարությունները տևում են մինչև մայիսի առաջին տասնօրյակը, իսկ աշնանային վաղ ցրտահարությունը սկսվում է հոկտեմբերի երկրորդ տասնօրյակից։

Տնտեսության տարածքով փչող քամիները ունեն հարավային և հարավ–արևմտյան ուղղություններ։

Ուսումնասիրվող տարածքում բուսական ծածկոցը բավականին բազմազան է։ Տարածքի ցածրադիր մասերում տարածված են փետրախոտը, սիզախոտը, ցորնուկը, օշինդրը և այլն։ Բարձրադիր մասերում տարածված են հազարատերևուկը, եզան լեզուն, ուրցը և այլն։

Մշակելի հողերում տարածված մոլախոտերից են տատասկները, տարեկանը, սիբեխը, լվածաղիկը, միամիտ իշակաթնուկը, բողուկը, մոլախոտային վիկերը և այլն։

ԷՐՈԶԻՈՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ ԵՎ ԴՐԱՆՑ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

Սևանի շրջանի Դդմաշենի տնտեսության տարածքը, ինչպես վերը նշվեց, ունի բարդ ռելիեֆ։ Հողերն այստեղ գտնվում են տարբեր կողմնադրության և թեքության լանջերի վրա և ենթակա են էրոզիոն երևույթների զարգացման վտանգին։ Թեք լանջերի առկայությունը և վերջիններիս արևահայաց, հարավային, հարավ-արևելյան կողմնադրությունները նպաստում են հողերի էրոզացմանը։ Այդ լանջերի վրա տեղացող անձրևների և ձնհալի ջրերի մակերեսային հոսքը քայքայում և ողողում է հողի վերին շերտը։ Մասամբ էլ դա տեղի է ունենում քամիների ազդեցությամբ և աստիճանաբար տարվում է վերին շերտի նուրբ և օրգանական նյութերով հարուստ մանրահոգը։

Էրոզիայի ենթարկված հողերը կորցնում են իրենց լավագույն հատկանիշները, խախտվում է հողի ջրաֆիզիկական վիճակը, այն ձեռք է բերում վատ ֆիզիկական հատկություններ և իջնում է հողի բերրիությունը։ Հողատարման երևույթների ուժեղացման հետևանքով ոչ միայն աստիճանաբար նվազում է հողերի հզորությունը, փորվելու ունակությունը,