ԿԱԹՆՈՎ ԱՂԲՅՈՒՐ
Սարատեղ տանող ճանապարհին է։ Ջուրը սառնորակ, մշտահոս, մի քիչ էլ կաթնագույն է, որի պատճառով էլ ստացել է այդ անունը։
ՀԵՔՈՅԻ ԱՂԲՅՈՒՐԸ
Հերիքնազը ամուսնու հետ իրենց անասունները սար է տարել և այդ աղբյուրի մոտ քոլիկ են շինել։ Նրանք մինչև ուշ աշուն ոչխարի հոտը պահել են այդ տարածքում։ Հերիքնազը իր ձեռքով է պատրաստել աղբյուրը, որի համար մինչև օրս էլ կոչվում է Հեքոյի աղբյուր։ Գտնվում է «քյասարի» ճանապարհի վրա։
ՇՈՖԵՐՆԵՐԻ ԱՂԲՅՈՒՐ
Սար տանող ճանապարհին է։ Ջուրը նվազ է։ Կոլտնտեսության վարորդները մաքրել, խորացրել են հունը։ Մշտահոս է, չցամաքող։
ՀԻԱՍՔԱՆՉ ՋՐՀՈՐՆԵՐ
Համագյուղացի Տեր-Հովհաննեսի Բենոյ, Գևոյ, Արզոյ տները ունեին մեծ գոմ, հսկայական թվով մանր և խոշոր եղջերավոր անասուններ։ Գոմի ներսում ջրհոր են փորել անասունները ջրելու և կենցաղում օգտագործելու համար։ Տարիներ անց նրանք տեղափոխվում են, կառուցում տներ այլ տեղում։ Ջրհորը ներկայումս օգտագործում է նրանց հարևան Գրիգոր Փանոսյանը։ Պոմպի միջոցով չորս տոննանոց ցիստեռնը լցվում է տասը րոպեում, բայց հորի ջուրը չի պակասում։
Գր. Փանոսյանի ջրհորից 30 մետր ներքև նույնատիպ հորդահոս ջրհոր ունի Սիմոն Մարտիրոսյանը։ Օգտագործում են ոռոգման նպատակով և կենցաղում։ Նոր բնակարաններ կառուցող համագյուղացիները օգտվել են այդ ջրհորից։
ՋՈՒՐԸ՝ ՋՐԱՆՑՔԻՑ
Գյուղացիներն իրենց տնամերձները, այգիներն ու բանջարանոցները ջրում են մեծ դժվարությամբ։ «Բուջաղ» կոչվող հանդամասով հոսում է Սևան - Հրազդան ջրանցքը։ Ջրանցքի ջրից սկիզբ է առնում ինքնահոս մի խողովակաշար, ջուրը հասցնում է Զովաբեր գյուղի դաշտում կառուցված պոմպակայանը։ Ջուրը մղվում է Զովաբերի և Դդմաշենի տնամերձ հողամասերը։ Երբ էլեկտրականություն կա, երկու գյուղերն էլ օգտվում են, երբ էլեկտրականություն չկա, Դդմաշենը զրկվում է ջրից, Զովաբերը օգտվում է ինքնահոսից։