Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/119

Այս էջը սրբագրված է

Այվազի քռա

Գտնվում է Դդմաշեն գյուղի հարավային կողմում։ Այվազ անունով մի մարդ մանգաղը վերցրած գալիս է այստեղ խոտ քաղելու։ Հենց որ մոտենում է Քռային, քարերի տակ բուրդ է տեսնում։ Կարծում է, թե հովիվները խուզել են ոչխարը և աղայից թաքցրել, որ մութն ընկնի գան տանեն։ Բուրդը գրկում է թե չէ, տեսնում է ինչ բուրդ, արջ է։ Սկսվում է երկուսի մեջ կռիվ։ Այվազին հաջողվում է ետևի կողմից բռնել արջի ամորձիները։ Արջը թուլանում է և ուժեղ ձայն հանում։ Մոտիկ տեղից օգնության են հասնում։ Սակայն մինչև մարդկանց գալը, Այվազը վերջացնում է արջի հաշիվը և շալակած բերում գյուղ։ Քարքարոտ այդ տեղը կոչվում է Այվազի քռա։

Այվազի ամառ

Դդմաշեն գյուղացի Այվազը ժամանակին հունձը կատարում էր, բայց ծեծելն ու կալսելը ուշացնում էր։ Նա բերքը հավաքում, դիզում էր կալում, կողքերին խուրձերով փուշ շարում, որ հավերն ու կենդանիները չուտեն, ինքը մանգաղը ձեռքին գնում էր ձորերն ու անանցանելի տեղերը խոտ քաղելու և միայն ուշ աշնանն էր ծեծում իր կալը, երբ մի քանի օր տաք եղանակ էր անում։ Այդ օրերին դդմաշենցիները «Այվազի ամառ» էին ասում։

Վրթոյի բուն (քարայր)

Գտնվում է Դդմաշեն գյուղից դեպի հյուսիս։ Ըստ ավանդության այս քարայրում ապրել է Վրթո (Վարդան) անունով մի ավազակ։ Նա մարդկանց ոչ մի վնաս չի հասցրել։ Փախել է իշխանությունից և օրենքից։ Քարայրի ներսում, քարի վրա հրացանաձև, բնական մի երկարուկ փոս կա։ Ասում են, թե դա Վրթոյի հրացանի տեղն է։ Այսօր էլ այդ քարայրը կոչվում է Վրթոյի բուն։

Շավոյի ձոր Շավոն քուրդ է եղել։ Ապրելով հայերի մեջ, նա որոշում է ընդունել քրիստոնեություն։ Նրա հետ քրիստոնեություն են ընդունում Վանն ու տղան՝ Հովհաննեսը։ Դրանից հետո Հովհաննեսը ամուսնանում է մի աղջկա հետ։ Քուրդ Շավոյի անունով ձորը կոչվել է Շավոյի ձոր։

Դավա յաթաղ Գտնվում է Դդմաշեն գյուղի յայլաղում։ Ուղտերի քարավանը շատ հոգնած լինելով, դադար է առել այս հովտում։ Ուղտապանը հանգիստ է տվել ուղտերին և գիշերը քնել նույն տեղում։ Դրանից էլ հովտի անունը մնացել է Դավա-յաթաղ։

119