Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/120

Այս էջը սրբագրված է

Քարեջանի քռա

Գտնվում է գյուղի դաշտամասում։ Քարեջան անունով մի քարհատ է եղել, աղքատ, բայց քարի նման ամուր ու աշխատավոր մարդ։ Դրա համար էլ նրան տվել են Քարեջան անունը։ երկար ժամանակ զբաղվել է քարհատությամբ։ Քարեջանը քար է մատակարարել գյուղի քարտաշներին ու տներ կառուցողներին։ Այն տեղը, որտեղից ժամանակին քար է կտրել Քարեջանը կոչվում է Քարեջանի քռա (բնական քարակույտ, կապան)։

Խարաբեք

Հին բնակատեղի։ Գյուղից հեռու է ընդամենը մեկ կիլոմետր։ Պահպանվում են գերեզմանոցը և եկեղեցու հիմքերը։

Մեր սարատեղին

Հնուց ի վեր սովորություն է՝ որոշ տնտեսություններ գարնան վերջին իրենց անասունները քշում են սար՝ Դավայաթաղ կոչված հանդամասը։ Մնում են մինչև խոր աշուն։ Նրանք այստեղ ունեն իրենց շարժական տնակներն ու փարախ՝ անասունների համար։

ԿԱՄՈՒՐՋՆԵՐ

Հրազդան գետը գյուղը բաժանում է երկու մասի՝ հյուսիսային և հարավային։ Հարավային մասը կոչվել է և այսօր էլ կոչվում է «Անկախ թաղամաս»։

Երկու թաղամասերը իրար կապող առաջին փայտաշեն կամուրջը, 3-4 մետր լայնությամբ կառուցվել է գյուղացիների միջոցներով։ Երկար կյանք չի ունեցել։ Դժվարանցանելի է եղել եզան սայլերի, ձիասայլերի համար։ Միշտ վերանորոգման կարիք է զգացել։ Երկրորդ կամուրջը կառուցվել է 1928-ին, պետության կողմից, պետական և գյուղացիների միջոցներով։ Գտնվում է Սաֆարի Վաղոյի տան դիմաց։ Երկու հենասյուները շարված են բազալտե քարերով, ցեմենտի շաղախով։ Կամուրջի շինարարությանը օգնեցին գյուղում տեղակայված զինվորական զորամասի զինվորները, որոնք եկել էին վարժական պարապմունքների։ Կամուրջի գերանները, փայտային մասերը վաղուց են վերացվել, բայց հենասյուներից ոչ մի քար չի պոկվել, եթե հնարավոր լիներ վաղուց կօգտագործեին որպես շինաքար։

Վերջին տարիներին կառուցվեց երրորդ կամուրջը՝ նախկին կամըրջից 200 մետր ներքև։ Գյուղի միակ բանուկ կամուրջն է, կառուցվել է