Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/122

Այս էջը սրբագրված է

ձեռք բերած բարձր ցուցանիշների համար) Սիմոն Հովհաննիսյանը (նախագահ), Պողոս Ռոստոմյանը (ձիապան) և Սուրեն Ավետիսյանը (վերջինս 100 մայր ոչխարից ստացել է 113 գառ)։ Մինչև 1943թ. առաջին կեսերը ֆերմայում կար 300-ից ավելի ձի։ Պատերազմի առաջին օրերին ֆերմայի վարիչ Ա. Հայրապետյանը, ձիապաններ Պ. Ռոստոմյանը, Աշոտ և Հարության Փանոսյանները իրենց խնամած ու աճեցրած ձիերի առաջին խմբաքանակը հանձնեցին գործող բանակից գործուղղված զինվորներին և մի քանի օր անց իրենք էլ մեկնեցին ռազմաճակատ։ Ֆերմայում մնացած ձիերը Սարիբեկ Սիմոնյանը և Գարեգին Սողոմոնյանը հանձնեցին Կիրովականի հեծյալ գնդին։

ՁԻԹՀԱՆ

Երբ վերջ տրվեց կտավհատի, սորուկի (սորեկ) մշակությանը, ձիթհանը անտերության մատնվեց, պատերը քանդեցին, քարերը, ծածկը, ներսի գերանները օգտագործեցին որպես շինանյութ, տեղը դարձրին բանջարանոց։ Հնում կարևորություն են տվել կտավհատի, սորուկի մշակությանը։ Գյուղն ունեցել է երկու ձիթհան, մեկը (Տեր-Առաքելանցը) վաղուց էր ավերակների վերածվել, իսկ մյուսի աշխատանքը տեսել են իմ սերնդակիցները։ Բերքահավաքի ավարտից հետո, ինչպես դդմաշենցիները, այնպես էլ հարևան գյուղերի բնակիչները, իրենց մշակած կտավհատն ու սորուկը (սորուկը լինում էր երկու տեսակ՝ կարմիր և սև) տանում էին ձիթհան՝ ձեթ ստանալու։ Կարմիր սորուկի ձեթը օգտագործում էին որպես սնունդ, ինչպես և կտավհատի ձեթը, իսկ սև սորուկինը օգտագործում էին որպես դեղամիջոց անասունների մաշկը փափկացնելու համար, հատկապես գոմեշների կաշին երբ կոշտանում, պատառոտվում, բացվածք էր տալիս, սև սորուկի ձեթով փափկացնում և բուժում էին։ Ձիթհանի բոլոր աշխատանքները կատարվում էր հետևյալ ձևով.

1) Աստիճանաբար ցած իջնելով ներս մտնելով, սկզբում երևում էր բովտունը, որտեղ բովում էին կտավհատը կամ սորուկը։ Բովտան պատերը շարված էին քարե հաստ սալերից։ Սալերը բերում էին «սալանոցից», որը գտնվում էր Մեյդան տանող ճանապարհին։ Բովի հատակի տակը գտնվում էր կրակարանը, որտեղ աթարը վառում և բովում էին սորուկը կամ կտավհատը։ Բովտան պատի մեջ տեղավորված էր հատուկ ջրաման-կարաս, որտեղ լցված սառը ջուրը տաքանում էր, գելազն խառնելու և ուրիշ կարիքների համար (հատկապես քաշող-լծկան գոմեշներին

122