Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/124

Այս էջը սրբագրված է

բանվորները (նրանց անվանում էին ջոթեր (վարպետի օգնականներ) հատուկ թիակներով խառնում էին այնքան ժամանակ, մինչև զանգվածը պատրաստ լիներ ձեթ ստանալու համար։

3)Գիլազը լցնում էին հատուկ ջլից (խոտից) պատրաստված զմբիլների մեջ մոտ 26-30 հատ (զմբիլները նման էին գլխարկի-բերետի)։ Երբ զմբիլները լցված, պատրաստ էին լինում, վարպետը լծած գոմեշի օգնությամբ բարձրացնում էին պտուտակավոր ուղղահայաց պողոսակը, պողոսակին միացած էր (դարձյալ պտուտակավոր) հաստ գերան, որին անվանում էին «արջ», արջին միացված էին զույգ հաստ գերաններ, որոնց երկարությունը 10-12 մետր էր, պտուտակավոր գերանները «արջի» հետ միացած էին հատուկ երկաթով։ Գոմեշը պտտեցնելով պողոսակը բարձրացնում էր, մինչև գերանները հասնեին առաստաղին, «բարձրանային սարը»։ Առաստաղին հասնելուց հետո զմբիլները դարսում էին գերանների տակ դրված հատուկ տախտակների վրա, զմբիլները շարել, վերջացնելուց հետո գոմեշն արձակում էին, երկու կամ երեք տղամարդ հատուկ բռնակների միջոցով (բռնակները ամրացնում էին պտուտակավոր պողոսակի ներքևի մասում հատուկ փորված անցքերին) սկսում էին հակառակ ուղղությամբ դանդաղ պտտեցնելով պողոսակը, «արջը» աստիճանաբար ցած էր ընկնում, ճնշում գործադրելով զմբիլներին, ձեթը դուրս էր գալիս, լցվում տեղադրված (գետնի տակ) կարասների մեջ։ Վարպետը՝ Մինասենց Արսենը, ձեթը հանում էր կարասներից և հանձնում տերերին։ Ձիթհանքում բանվորներ են աշխատել Վարազդատ Սամսոնի Մինասյանը, Գրիգոր Հարունի Մինասյանը (Քոթոն), Կուզոյ Մելքոնը...





124