Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/129

Այս էջը սրբագրված է

ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ

Գյուղը անվային և հետիոտն ճանապարհներով կապված է Ծաղկունքի, Շահրիզի, Եայջիի և Ռնդամալի գյուղերի հետ, Շահրիզի վրայով՝ Ելենովկայի հետ, իսկ խճուղով՝ Երևանի հետ։ Ելենովկայի և Երևանի ճանապարհները ծառայում են առևտրական նպատակների։ Ելենովկայի ճանապարհն ունի փոստային և վարչական նշանակություն, իսկ մնացած ճանապարհները սովորական երթևեկության համար են։ Հունվար և փետրվար ամիսներին բքի և ձյան պատճառով դեպի բոլոր գյուղերը տանող ճանապարհներն անանցանելի են դառնում։ Դեպի դաշտ և արոտատեղերը տանող ճանապարհները անվային են և հետիոտն, որոնք ամեն տարի մաքրվում են և նորոգվում, այլապես երթևեկություն չի լինի։

ՋՈՒՐ ԵՎ ՋՐԱԲԱՇԽՈՒՄ

Գյուղի մոտ 25 դեսյատին վարելահողերի մի մասը ոռոգվում է հատուկ ջրաբաշխական ցանցով, որը ստացվում է Զանգա գետից և սարից։ Ջրերը բաշխվում են առուներով, որոնցից յուրաքանչյուրը ոռոգում է մոտ 10 դեսյատին տարածություն։ Ոռոգման կարիքների համար ջրի քանակությունը բավարար է, եթե երկու ջրանցքներին ջուր չտան, որի հետևանքով բանջարաբուծությունը բավարար չափով չի։ Հնարավորություն կա նոր հողամասերի համար ջուր ստանալ լճից, Չրչո գյուղի մոտով՝ Զանգուի միջոցով։ Խմելաջուրը ստանում են աղբյուրից և գետից։ Ջրի ճանապարհները հարմար են նաև անասունները ջրելու համար։

ՏԵՂԱԿԱՆ ՁԱՓԵՐ

Հողերի և ցանքերի հաշիվը կատարվում է թե սերմի, թե տարածության չափով։ Տարածության չափը կոչվում է չվան։ 1 չվանը հավասար է 400 քառակուսի սաժենի (երկարությունը՝ 20 սաժեն, լայնությունը՝ 20 սաժեն)։

Ցանքերը չափվում են սերմի միջոցով՝ ծանրության փութով և ֆունտով՝ մեկ փութ ցորենը հավասար է 35 ֆունտի։ Խոտը չափվում է խրձերով և սայլերով, իսկ դարմանը՝ կողովով։ Խոտի սայլը կշռում է մոտ 20 փութ, իսկ խուրձը՝ 20 ֆունտ, դարմանի կողովը կշռում է մոտ 1 փութ։

ՀՈՂԻՑ ՕԳՏՎԵԼԸ

Գյուղում հողը օգտագործվում է տնովի, դրանք վարելահողեր են և տնատեղեր։ Գյուղի հողերին կից կան հարևան գյուղերի հետ խառն