Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/217

Այս էջը սրբագրված է

տատին, որոնց դժվար ժամանակներ բաժին հասան։ Հինգ աղջիկ և չորս տղա լույս աշխարհ բերեցին նրանք։ Աշխատասեր և ունևոր ընտանիք էին։ Առաջնեկ աղջիկը՝ Նոյեմը, հարսնացած տարում մահացավ, կյանքը բաշխելով մյուսներին։ Իսկ մյուսներն ապրեցին՝ կրելով բազում զրկանք և դառնություն խորհրդային ինչ-ինչ օրենքների երեսից։ Հոկտեմբերյան հեղափոխության մեծագույն «ծառայությունն» այն եղավ, որ ցաքուցրիվ արեց այդ մեծ գերդաստանը։ Լավ հիշում եմ. Արամ, Հայրապետ, Սիրական որդիները իրենց ընտանիքներով, ապրում էին Գալուստ պապի հետ։ Չարքաշ աշխատանք էին կատարում, պատանիները վաղ լուսաբացից մինչև ուշ երեկո ոչ թե աշխատում, այլ տառապում էին իրենց ծնողների հետ։

Երբ երեկոյան հավաքվում էին ընթրիքի՝ մինչև ընտանիքի վերջին անդամի ճաշը լցնում էին, առաջին նստողներն արդեն կերած, վերջացրած էին լինում։ Իսկ ճաշի պղնձի մասին առասպելներ էին պատմում, այնքան որ մեծ ու տարողունակ է եղել։ Սիրական պապի որդիներն էին Հայկը, Արամայիսը, Արշամը, իսկ Գարեգինն ու Արշակը մեկնել էին Բաքու՝ մշտական բնակության։ Ուշագրավ է, որ Հայկը դառնում է բոլշևիկ, իսկ Գարեգինը՝ բոլշևիզմի երդվյալ թշնամի։ Կոլեկտիվացման տարիներին մերոնց կուլակաթափ արին։ Ի դեպ, այդ այսպես կոչված կուլակների մասին։ Չհաշված մեր սերտած պատմությանը՝ մերոնց զրույցներից գիտենք, որ աշխատող, ստեղծող մարդկանց կուլակ են անվանել, իսկ քաղցածներին, ծույլերին ու անբաններին՝ բատրակ։ Եվ հենց այս բատրակների իշխանությունն էլ խլեց մերոնց ունեցվածքը՝ հսկայական տարածքով վարելահող, մեծ թվով անասուններ՝ կով, ոչխար, ձի, ամբարներով հացահատիկ, ալյուր, անգամ յուղ ու պանիր։ Որպես կուլակի ընտանիք պապիս, տատիս, աղջիկներին, որոնք դեռ ամուսնացած էլ չէին, նստեցրին իրենց իսկ սայլն ու արտաքսեցին գյուղից։ Պատմում են, թե ինչպես հորաքույր Վարսենիկը, որն ամուսնացած էր համագյուղացի Արտաշ Հակոբյանի հետ, ականատես է լինում, թե ինչպես այդ բատրակ «իշխանավորները» ծառի մի ճյուղով ծեծելու փորձ էին անում Բաղդագյուլ տատիս անկողնուց դուրս բերելու պահին։ Այնպես եղավ, որ հարազատներին կորցնելուց հետո մի գիշերվա մեջ խեղճի մազերը ճերմակեցին։ Ուզում եմ ասել, որ միայն գրքերից չէ, որ գիտենք այն ժամանակվա բոլշևիկների կամայականությունների ու դաժանությունների մասին։ Մերոնց ողջ գերդաստանն աքսորեցին․․․ ճանապարհին՝ Դիլիջանում, մերոնց հանդիպում է մեր հին ծանոթը՝ Աղաբեկ Ծատուրովը։ Վերջինս սայլերի քարավանի միջից մերոնց տանում

217