Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/218

Այս էջը սրբագրված է

է իրենց տուն։ Հեռագրում են Բաքու, Սիրականի կուսակցական որդուն՝ Հայկին, և հազիվ սրա միջնորդությամբ հաջողվում է հետ վերադարձնել տառապյալներին։ Մինչ մերոնք գյուղ կհասնեն, սրանց տներն ու անասունները զավթել էին, վերածել պահեստի։ Մի կերպ մերոնք իրենց սեփական տանը հյուր են լինում։

Կսկիծից մահանում է Բաղդագյուլ տատը, իսկ գերդաստանի մնացած անդամները կամացկամաց չվում են Երևան։ Բաքվից էլ մեր գերդաստանի մյուս շառավիղները վերադառնում և ընդմիշտ հաստատվում են Երևանում, ուր և ապրում են մինչև օրս։

Գալստյան եղբայրները՝ Հայկը, Արամայիսը, Գարեգինը և Արշամը, բազմաշնորհ արհեստավորներ էին, համարյա դպրոցի երես չտեսած, թեև գրագետ էին և ընթերցասեր։ Շատ սիրով ու հարգանքով էին վարվում միմյանց և բարեկամների հետ։ Այդքան դառնություններից հետո դարձյալ կապը գյուղի հետ չէին կտրում։ Ամառը միշտ ընտանիքներով գալիս էին գյուղ հանգստանալու։ Գյուղի ղեկավարությունը «արժանին մատուցեց նրանց», քանդել տվեց տները, իբր թե խանգարում է ճանապարհի կառուցմանը։ Իսկ մեր դռան առաջի հողամասում կոլտնտեսությունը հասցրել էր մի հսկա գոմ կառուցել։

Գարեգին Գալստյանը երկու տղա ուներ, չորս աղջիկ՝ Գալուստ, Գևորգ, Ռոզա, Եպրաքսյա, Սեդա, Զեմֆիրա։ Գալուստը՝ մեկ տղա՝ Գագիկ և երկու աղջիկ՝ Զարիետա և Մարիետա։ Իսկ Գարիկն ուներ երկու տղա՝ Գարեգին և Գալուստ։ Գարեգինի մյուս տղան վաղամեռիկ Գևորգն էր, ուներ երկու տղա՝ Գառնիկ և Գևորգ։ Վերջինիս անունը հոր անունն է, որովհետև ծնվել է հոր մահից անմիջապես հետո՝ Գալստյան Գևորգ Գևորգի։ Գևորգն այժմ մանկավարժ է և աշխատում է Երևանի դպրոցներից մեկում։ Աղջիկներից Ռոզան ունի մեկ աղջիկ (իրավաբան), Եպրաքսյան՝ մեկ տղա, Սեդան՝ մեկ տղա, երկու աղջիկ, Զեմֆիրան՝ երկու տղա (ինժեներներ)։ Գարեգին զավակներից ողջ են Եպրաքսյան և Զեմֆիրան։ Սիրականի երկրորդ տղան՝ Հայկ Գալստյանը, ունեցել է երեք տղա, երկու աղջիկ։ Տղաներից մեկը փոքր տարիքում մահացել է Բաքվում, երկրորդ Աղաբեկը, 19 տարեկանում զորակոչվել է բանակ և զոհվել։ Երրորդ որդին Ալբերտը, շնորհալի արհեստավոր է ունի երկու աղջիկ, որոնցից մեկը՝ էմման, ունի երկու տղա, իսկ Կլարան՝ մեկ տղա և մեկ աղջիկ։ Բոլորն էլ ողջ և առողջ են և ապրում են գոհ ու երջանիկ։ Չնայած կուլակաթափ արեցին, բայց իրենց աշխատասիրությամբ եղբայրները կարողացան ոտքի կանգնել, տուն ու տեղ դնել, նույնիսկ այն ժամանակներում սեփական բեռնատար և մարդատար մեքենա ունեին։

218