Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/22

Այս էջը սրբագրված է

ինչպես է կոչվել ամրոցը, ի՞նչ գաղտնիքներ է պահպանում իր ներսում, գուցե մեր շառավիղները կճշտեն։

Ամրոցի յուրաքանչյուրը քարը, հնագույն կացարանի յուրաքանչյուր հետք պետք է պահպանել՝ որպես Դդմաշեն գյուղի նախնադարյան գոյության հաստատուն վկայություն։

«ԱՎԵՐԱԿՆԵՐ»

Դդմաշենի հարավ-արևելյան եզրին, բարձունքի վրա, Հրազդան գետի ձախ ափին կա գյուղատեղի, որն զբաղեցնում է 3-4 հեկտար տարածք։ Ուշագրավ է, որ նույն տարածքում գտնվել են կիկլոպյան ամրոցի մնացորդներ։

Առանց չափագրության էլ վստահ կարելի է ասել, որ կացարանների մի զգալի մասը կառուցվել է կիկլոպյան ամրոցի մերձակայքում։ Այսօր գյուղատեղին վերածել են վարելահող։ Տարբեր հատվածներում փոսորակների ձևով պահպանվում են տնատեղերը։ Որոշ տներ բաղկացած են մի քանի սենյակից։ Տնատեղերը ծածկված են հողով և խոտով։ Բոլոր տվյալներով, գյուղի երբեմնի բնակիչները պատկանել են ամրոցի ցեղախմբին և գերաճի շնորհիվ, հարմար վայրում կառուցել են երկրորդ բերդ-շենը, մերձակա տներով։ Ե՞րբ է ավերվել բնակավայրը, ի՞նչ ճակատագիր են ունեցել բնակիչները, հայտնի չէ։ Մանրամասները ճշտելու համար պետք է պահպանել գյուղատեղի մնացորդները։

ԳՅՈՒՂԸ՝ ԱՎԱՋՆԵՐԻ ՏԱԿ

... Տարիներ առաջ դպրոցի մի խումբ աշակերտներ գյուղի շրջակայքում գտնվող «Ավազահանք» կոչվող տարածքում հայտնաբերել են գմբեթանման ոչ մեծ շինություն, որի մեջ գտնվել են կավանոթներ, դաշույններ, նիգեր, բրոնզե ապարանջան, սայլի երկաթյա մասեր, մկրատ և էլի ուրիշ իրեր։ Գտածոները, հաստատված տվյալներով, պատրաստվել են նախքան մեր թվարկությունը։ Հայտնաբերված առարկաները հաստատում են, որ գյուղի տարածքի հնաբնակները զբաղվել են զինագործությամբ, դարբնությամբ, սայլաշինությամբ, կավագործությամբ։ Ուսումնասիրելով մետաղյա գործիքներն ու խեցեղենը, ենթադրում ենք, որ դրանք մեզ են հասել պղնձեքարեդարյան ժամանակներից։

22