Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/221

Այս էջը սրբագրված է

ունեցավ, բոլորն էլ արհեստավորներ ու կրթված մարդիկ։ Սաթենիկն ունեցել է չորս տղա, մեկ աղջիկ՝ Արշիկ, Կոլյա, Սաշիկ, Լյովա, էմմա (երևի Սևանի ռուսական միջավայրն անունների հարցում որոշ դեր է խաղացել)։ Նրանք բոլորն էլ բազմաշունչ ընտանիքներ ունեն։ Թող Ջուլետը շունչ քաշի։ Երկու խոսք էլ ես ասեմ։ Վերջերս ես հանդիպեցի մեր մի համագյուղացու։ Երբ իմացավ, որ գրում եմ Թովմասենց ազգության մասին, հիշեց վաղուց անցած-գնացած մի դեպք։ Վերևում արդեն ասվել է, որ Թումասենց ազգի տղաները (եղբայրները) գալիս էին գյուղ, հանդիպում իրենց ընկերներին, ուրախանում, խնջույք սարքում։ Ճիշտ է, նրանք ծանր օրեր շատ են տեսել, բայց երբեք չեն ընկճվել, անկոտրում կամք ու հավատ են ունեցել։ Այլ խոսքով՝ բնավորությամբ ամուր, կենսասեր մարդիկ էին։ Նրանց մասին համագյուղացիները սիրում էին ասել, քեֆչի, ուրախություն սիրող մարդիկ են։ Իսկ գյուղի նախկին «ղեկավարներից» մեկն ասել էր, թե մենք նրանց գյուղից աքսորեցինք, որ կամաց-կամաց նոսրանան, նվազեն, իսկ նրանք գնալով ավելի շատացան ու հզորացան։ Առաջ ձիու, շատ֊շատ եզան սայլով էին ման գալիս, հիմա՝ արտասահմանյան մեքենայով...

Ակամա միտս է գալիս մի ուրիշ դեպք՝ կապված դարձյալ այս բարի ու բարյացակամ մարդկանց հետ։ Մի սովորական շաբաթ օր Հայկ և Արամայիս եղբայրները գալիս են գյուղ իրենց մերձավորներին հանդիպելու, գնում են դաշտ, գառ մորթում, կերուխում անում։ Հաջորդ օրն ուրախ, բարձր տրամադրությամբ վերադառնում են Երևան և ինչ տեսնեն՝ իրենց դռան առաջ «սև մեքենա» է կանգնել։ Էլ ոչ դես, ոչ դեն, սրանց տանում են ու հարցաքննում։ Քննիչը հարցնում է. «Ինչո՞ւ էիք գնացել գյուղ և քեֆ-ուրախություն սարքել հատկապես հենց այդ օրը»։ Եղբայրները թե՝ ինչ է պատահել, այդ օրը ազատ էինք, այդ օրն էլ գնացինք գյուղ մեր ընկերներին տեսնելու։ Դու մի ասի՝ այդ տարվա այդ որոշյալ շաբաթ օրը կոմունիստական առաջնորդներից մեկի մահվան տարելիցի օրն է եղել։ Բայց հավանաբար, զգալով, որ զուգադիպությունը պատահական է, տղաներն էլ անհոգ, ուտող-խմող ջահելներ են, բաց էին թողել։ Ցավոք, այս տխուր, բայց շատ բնորոշ դիպվածով էլ պիտի ավարտեմ իմ խոսքն այդ մեծ գերդաստանի կրած ահավոր ծանր և շատ կողմերով ուսանելի ճանապարհի մասին։