Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/252

Այս էջը սրբագրված է

պայմանագրով Թուրքիան զորքերը ետ է քաշում Հայաստանի սահմաններից։ Մենք վստահ սկսում ենք սոցիալիզմի կառուցումը։ Բոլորս պետք է լծվենք այս մեծ գործին։

Քարտուղար Գրիգորյանն հազաց ու կրկին ընդմիջեց.

— Ներողություն, սովյալներին օգնություն կլինի՞։ Սարամգալյանն շտապ պատասխանեց,— մեզ մոտ այլևս սովյալներ չեն լինի։ Ինչպես բոլորիդ հայտնի է, հեղկոմը կատարել է զինվորական ու նաև կենտրոնական հեղկոմի պահանջները։ Տեղական աղքատներին բաժանել է հաց, տավար, ոչխար։ Նախագահող Ղարիբյանը հրահանգեց քարտուղարին՝ «Գրանցիր ի գիտություն»։ Սարամգալյանը շարունակեց,— կոմբջիջն ամեն շաբաթ ունեցել է ժողով, կազմակերպել է հինգ միտինգ, երկու շաբաթօրյակ։ Սա նվաճում է։ Մեր գործերն ավելի հաջող կընթանան, եթե ունենանք բջջի նոր քարտուղար։

Բոլորը նայեցին Բալաբեկ Գրիգորյանի կողմը։ Վերջինս ձևացրեց, թե այդ հայացքների նշանակությունը չի ըմբռնում։

— Դե, տվեք թեկնածու,— խոսեց նախագահողը։ Մի քանի ձայն միաժամանակ հնչեցին. «Բալաբեկ Գրիգորին»։ — Դնում եմ քվեարկության։ Ովքե՞ր են համաձայն...

Անցավ միաձայն։

— Շնորհավորում եմ,— Սարամգալյանը սեղմեց Բալաբեկ Գրիգորյանի ձեռքը,— Քեզ մեծ հաջողություններ եմ ցանկանում։ Բջիջն առաջին պատվիրանը տվեց նոր քարտուղարին։ Գյուղում բացել խրճիթ ընթերցարան, ժամկետը մինչև 1921թ. ապրիլի 25-ը։

Դժվարին հարց էր նախապատրաստվում ապրիլի 15-ի ժողովի համար։ Դաշնակցականների հետ 1920-ի նոյեմբերի 30-ին փախել էին դդմաշենցիներ Դավիթ Նազարյանը, Տեր Սահակ Սահակյանը, Մամիկոն Սահակյանը, Ավետիս Զաքարյանը։ Ծանր էր նաև օրակարգի մյուս հարցը։ Մի քանի ամիս առաջ Ն. Ախտայի հեղկոմի կողմից Դդմաշենի հեղկոմի նախագահ էր նշանակվել Բալաբեկ Աթանեսյանը։ Այժմ նրան մեղադրում էին անօրինական գործողությունների մեջ։ Ժողովը դեռ չէր սկսվել, իսկ Բալաբեկն արդարանում էր սրա-նրա մոտ.

— Եղբայր, ինձ հրահանգ չեն արել, թե ինչպես եմ կառավարելու։ Ասել են դաշնակներին քշիր, քշել եմ։ Ասել են սովածներին հաց տուր, ինչ ձեռս ընկել է, բաժանել եմ։ Իմ կատարած անօրինական գործողությունը ո՞րն է։ Ասում են՝ տասնինը թվին փող ես հավաքել, տվել ես դաշնակներին։ Ճիշտ է։ Ուրիշ կառավարող կուսակցություն կա՞ր։ Չկար։ Ես էլ դաշնակցական կոմիսար էի։ Վերջացավ։ Գիտեի՞ք։ Այո։ Չընտրեիք հեղկոմի նախագահ...։ Արձանագրելով եք, խնդրեմ, մեռնեմ օրենքին։